Լրահոս
Քաղաքական
09:00
24.04.21
62

Բայդենն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է՝ մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Bloomberg

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունը պաշտոնապես «Ցեղասպանություն» ճանաչել, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։

Սպասվում է, որ Բայդենը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին նվիրված հայտարարությունում, որով հանդես կգա վաղը, կօգտագործի «Ցեղասպանություն» եզրույթը՝ կատարելով իր նախագահական քարոզարշավի խոստումը:

Ինչպես նշվում է գործակալությունը, թեև Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում չի հիշատակվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կողմերի զրույցի մասին, Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թվականի զանգվածային սպանությունները «Ցեղասպանություն» կճանաչի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել։