Լրահոս
Քաղաքական
11:03
21.04.22
248

Այսօր երկրի ղեկավարը որևէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի․ ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի․ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հարցազրույց Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ:

-Հայաստանի ընդդիմադիրները իշխանությունների հրաժարականի պահանջով ակցիաներ են անում, ի՞նչ եք կարծում` կհաջողե՞ն:

-Դժվարանում ե մ ասել, անկանխատեսելի է: Գուցե այսօր հնարավոր չէ, բայց վաղը հնարավոր լինի կամ հակառակը: Հնարավոր է տարիներ տևի այդ պայքարը: Ոչ մեկն ասել չի կարող, թե վաղն ինչ կլինի:

-Ընդդիմությանը վստահո՞ւմ եք:

-Ընդդիմությունը շատ բազմաշերտ է:

-Խոսքս վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը:

-Պատգամավորներից շատերին ճանաչում, հարգում և ընդունում եմ, սակայն ժողովուրդը նրանց անունը կապում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, դա վարկաբեկում է նրանց, սակայն նրանց շարքերում կան ազգի նվիրյալներ, որոնց պաշտում եմ:

-Կարծում եք` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են:

-Չէ , ուղղակի իշխանություն-ընդդիմություն պայքարում նրանց անունը ցեխոտեցին: Նրանց շարքերում կան հայրենիքի նվիրյալներ։ Ինչ խոսք, բացթողումներ էլ են ունեցել, բայց Արցախն ազատագրելն ու երեսուն տարի պահելը քիչ բան չէր:

-Ի՞նչ տվեց ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան:

-Եթե հավասարը հավասարի հետ է հանդիպում, ակնկալիքներ լինում են, բայց այսօր մենք պարտված կողմ ենք, երկրի վարչապետի ցանկացած հանդիպում մեզ ոչ մի լավ բան չի տալու, քանի մենք այս հոգեվիճակում ենք: Պետք է պարտվողական կեցվածքից դուրս գալ:

-Իսկ դա ինչպե՞ս եք պատկերացնում:

-Դրա համար ժամանակ է պետք: Հզոր տնտեսություն, զենք, բանակ: Այսօր երկրի ղեկավարը որևէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի: Ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի:

-Արցախի իշխանությունների անելիքն այս համատեքստում ո՞րն է:

-Արցախի իշխանություններին ոչ մի ատյանում խոսք չեն տալիս: Հայաստանն է Արցախի անունից հանդես եկողը: Արցախի իշխանությունները պետք է հայտարարեն, որ ոչ մեկը մեր փոխարեն իրավունք չունի խոսել մեր ժողովրդի ճակատագրի մասին: Նախկինում անընդհատ ասում էին, թե Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մեջ մտնեն: Նույնը պետք է հիմա արվի: Արցախի իշխանությունները թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային կառույցներում պետք է կարողանան իրենց խոսքն ասել: Եթե ոչ, ապա մնում է զինվելն ու սպասելը վատագույնի:

-Իսկ Արցախում տրամադրությունն ինչպիսի՞ն է:

-Արցախցին սպասում է պատերազմի: Լինելու է նոր Սարդարապատ, թեկուզ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ որոշումներ ընդունեն, մեկ է` Արցախը չի հանձնվելու: Ուղղակի այն, ինչ երեսուն տարի սրբորեն պահել էինք, դառնում է զրո, հիմա պետք է սկսել զրոյից: Պետք է կամավորական ջոկատներ ձևավորվեն, ու հասնենք արդյունքի:

-Բայց այսօր մարդկանց մեջ, ինչպես 88-ին էր, կա՞ Արցախի ու Հայաստանի միասնական լինելու գաղափարը:

-Միանշանակ: Երբ պահը գալիս է, հայ ազգը դառնում է մի մարմին: Այս պահին գուցե քաղաքական խժդժոցների մեջ կան տարաձայնություններ, սակայն մենք միասնական ենք: Մեծից փոքր պատրաստ ենք զենք վերցնել:

-Իսկ չե՞ք կարծում, որ պահն արդեն եկել է:

-Այն ժամանակ, երբ դիվանագիտությունն անզոր լինի, գալու է համախմբվելու ժամանակը: Արցախն Ադրբեջանին տալով՝ դարձնելու ենք Նախիջևան, առնվազն տասը տարի հետո այստեղ մարդ չի մնալու։ Սա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում՝ նաև իշխանությունն ու ընդդիմությունը: Արցախցին այսօր գիտակցում է սա ու պատրաստ է զենք վերցնել:

-Արցախցիներին նաև մեղադրում են Արցախը լքելու մեջ:

-Ես միշտ այդ թեմայով բանավիճում եմ: Արցախի 10 տոկոսը չի որոշում արցախցու ով լինելը: Ճիշտ է, պատերազմի ժամանակ ջիպերով փախչողների ես էլ եմ տեսել, բայց դա ընդամենը 10 տոկոսն է: Մորթապաշտներ ամեն տեղ էլ կան: Եթե վերցնենք Հայաստանը, Երևանը, գուցե այնտեղ հակառակը լինի՝ 10 տոկոսը հայրենասեր լինի, մնացածը` ոչ:

Քաշաթաղի շրջանը, ունենալով ընդամենը 9 հազար բնակիչ, տվել է ահռելի շատ զոհեր ու վիրավորներ: Հայաստանի ոչ մի բնակավայր այդքան զոհ ու վիրավոր չի տվել: Եթե չեն կռվել, այդքան զոհ որտեղի՞ց: Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք արցախցիներին չսիրելով՝ փորձում են վարկաբեկել մեզ, սակայն իրականությունն այլ է: 80 տարեկան մարդը պատերազմի օրերին աշխատում էր, 60 տարեկանը զենքը ձեռքին կռիվ տալիս…»։