Լրահոս
Քաղաքական
10:41
21.04.22
267

Այո՛, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

Շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Մենք էլ ենք ասում, որ այո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրոք շատ կարևոր է։ Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, որովհետև նորմալ չէ, որ 21-րդ դարում լինեն երկու հարևան երկրներ, որոնց միջև սահմանները փակ են։

Սակայն եթե խոսում ենք առանց նախապայմանների, որը հիմա շատ է քննարկվում, գործող իշխանություններն են հաճախ ասում, թե առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ են կարգավորելու, մի հատ շատ պարզ հարց է առաջանում՝ եթե առանց նախապայմանների ենք խոսում, ապա ինչու Թուրքիան միակողմանի չի բացում իր կողմից միակողմանի փակված ճանապարհները։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Հայաստանը Թուրքիայի հետ ճանապարհներ չի փակել, ճանապարհը փակել է Թուրքիան։ Սրանք իհարկե շատ խորքային հարցեր են, որոնց մասին կարող ենք ժամերով խոսել, բայց ամենապարզը, ամենատեսանելին իմ ասածն է»,-նշել է Վանեցյանը։

Անդրադառնալով «3+2» ձևաչափի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց․

«Կարծում եմ՝ ցանկացած ձևաչափ էլ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկների համար, բայց պետք է ամենակարևորը հասկանալ, թե լավ, այդ ձևաչափում ի վերջո ինչ հարցեր են քննարկվում, արդյոք այդ ձևաչափում կքննարկվեն հարցեր, որոնք, ասենք, քննարկվել են մինչ այս ու այլ ձևաչափերում։

Խոսքը գնում է օրինակ հենց Արցախյան հիմնախնդրի մասին, որը չի կարող դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից ու դրվել քննարկման այլ ձևաչափերում։ Ամեն դեպքում այդ շփումները ողջունում եմ ու լիովին նորմալ եմ համարում»։