Լրահոս
Հայաստան
16:15
21.02.22
624

Արևմուտքի ցինիզմը․ ​Դեմոկրատիա, թե՞ Դեմոնակրատիա

Img default alt hy

Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը ռուս-ուկրաինական թնջուկի վրա է, մոլորակն, ինչպես ասում են, մատը դրել է այդ զարկերակի վրա։ Զուգահեռաբար, ակտիվացել են ժողովրդավարության, խաղաղության, պետությունների տարածքային ամբողջականության ու այլ իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող արևմտյան երկրները, քաղաքական գործիչներն ու հատկապես՝ ՆԱՏՕ-ն։ 

Բայց, հայտնի ասացվածքի պատկերավորությամբ, բերանը չի քաղցրանում շաքար ասելուց, այնպես, ինչպես խաղաղասեր չեն դառնում այդ մասին արտահայտվելուց։ Արժանահավատությունը փաստերի և պատմական օրինաչափությունների մեջ է։

Թե որքան հակասական են արևմտյան արժեքները և որքան պատերազմածին երկրագնդի այդ հատվածից եկող կոչ-քամիները, կասկածից վեր են։ Հետխորհրդային տարածքում արևմտյան արժեքներին ապավինող և ոչ մի պետություն չի շահել իր քաղաքական ու պետական կուրսի նման շրջադարձից։ 

Ընդամենը թվարկենք մի քանի պետություններ, որոնք անցել են հեղափոխության թրի տակով․ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, ցավ ի սիրտ՝ նաև Հայաստան․ պատերազմներ, արյունալի սցենարներ, մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, աշխարհաքաղաքական լուսանցքային կարգավիճակ և այլն։ Եվ ընդամենը, ժողովրդական լեզվով ասած, մի զնգուլակ՝ կախված ոչ խաղաղ երկնքից՝ Ժողովրդավարություն։

Այս եզրն արդեն դարձել է կեղծ օրակարգ, հիվանդության, համավարակի պես մի բան, որով, ըստ էության, կենսագործվում են արևմտյան մանիպուլյացիաներն ու նկրտումները։ Ոչ ոք դեմ չէ իրական, հիմնարար ժողովրդավարությանը, բայց դրա վերջնական ու անվնաս բանաձևն առայժմ համահասկացված չէ, մեզ՝ հայերիս համար՝ առավել ևս։ Եվ հռետորական հարց է ծագում՝ գործ ունենք դեմոկրատիայի, թե՞ դեմոնակրատիայի հետ (demon՝ չար հոգի, չարք, սատանա- խմբ․)․․․

Ապագա կա՛ աղանդի ներկայացուցիչ-քարոզիչներին արժե հիշեցնել ցավոտ ու հարվածո՛ղ, բայցև՝ ուսանելի ու փաստաշատ անցյալի մասին, որի բազմակի հիշեցում-արձանագրումները մեզ ու հատկապես իրենց (հուսանք) կվերադարձնեն իրական աշխարհ, որտեղ գաղտնազերծվում է իրերի դրությունը։

Այս լույսի ներքո, իրապես Արևմուտքի ցինիզմի մասին է վկայում ստորև ներկայացվող լուսանկարը, որում ՆԱՏՕ-ի ռումբերից մեկի վրա գրված է  «Happy Easter» (Ուրախ զատիկ - խմբ․), այն ռումբի, որով արևմտյան հանրույթի ռազմական դաշինքը ոչ այնքան հեռավոր 1999 թ․ Մարտի 24-ին  ռմբակոծում էր Հարասլավիան։ 

Եվ ուրեմն, վերախմբագրելով հայտնի հայորդու ձևակերպումը, ասենք՝ կեցցե՛ այն արդարությունը, որը ոչ միայն վաղն է գալու, այլև հենց այս պահից, հենց այսօր՝ հենվելով անցյալի փաստերի, ներկա մարտահրավերների և արժանապատիվ խաղաղության ու ապագայի գաղափարաբանական համադրության վրա։

Արա Ալոյան