Լրահոս
Միջազգային
09:30
04.01.23
91

Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների բնակիչների համար ավելի դժվար է դարձել ուկրաինացի փախստականներին օգնելը

Img default alt hy

Տնտեսական ճգնաժամի պատճառով Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների կամավորների համար ավելի դժվար է դարձել նույն մակարդակով նյութական օգնություն ցուցաբերել ուկրաինացի փախստականներին:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Հաղորդվում է, որ էլեկտրաէներգիայի և բնակարանների գները կտրուկ աճել են ամբողջ Եվրոպայում, և մի շարք երկրների կառավարություններ պատրաստ են կրճատել փախստականների աջակցության համար հատկացվող ֆինանսավորումը, ուստի հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունները և կամավորները կանգնել են այն դժվարին խնդրի առաջ, թե ինչպես առաջիկա տարվա ընթացքում շարունակել օգնել ուկրաինացի փախստականներին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինայից, ընդհանուր առմամբ, շուրջ 8 միլիոն փախստական ​​է ժամանել եվրոպական երկրներ։ Նրանց մեծ մասը մնացել է հարևան երկրներում, մասնավորապես՝ Հունգարիայում, Մոլդովայում, Լեհաստանում և Ռումինիայում, որոնց բնակիչները հակամարտության սկզբից ի վեր ակտիվորեն օգնել են փախստականներին:

Սակայն ըստ Washington Post-ի՝ էներգակիրների և պարենային ապրանքների գների աճի պատճառով այս երկրների քաղաքացիների՝ ուկրաինացիներին նյութական օգնություն ցուցաբերելու ցանկությունն ու կարողությունը նվազել է։ Միևնույն ժամանակ, Մոլդովայի սահմանապահ ոստիկանության կայքում հաղորդվում է, որ անցյալ շաբաթվա ընթացքում Ուկրաինա-Մոլդովա սահմանը հատել է ավելի քան 42 հազար ուկրաինացի։ «2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը Մոլդովայի սահմանը հատել է 201 760 օտարերկրացի։

Ինչ վերաբերում է ուկրաինացիներին, ապա մեկ շաբաթվա ընթացքում հանրապետություն է մուտք գործել 42 783 մարդ», - նշել են Մոլդովայի սահմանապահ գերատեսչությունում։ Մոլդովայի ՆԳ նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Մոլդովայի տարածք Է անցել ավելի քան 650 հազար փախստական։ Ավելի քան 80 հազարը դեռ մնում է հանրապետությունում, նրանցից 10,3 հազարը ապաստան է խնդրել։