Լրահոս
Հասարակական
19:16
22.02.22
394

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցություները դիմում են ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահներին

Img default alt hy

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ հանդես են եկել կոչով.

«Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև նվազող հարաբերությունների ֆոնին՝ ՀՀ վարչապետը ջերմ ընդունելություն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների հետ, իսկ այսօր այդ պատգամավորները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետի ջերմ ընդունելության համար:

Անհանգստացնող է այն հանգամանքը, որ որևէ տեղեկություն չկա այն մասին, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության և լայն հասարակությանը հուզող իրական խնդիրները՝ կապված անվտանգության, հայ գերիների վերադարձի, օկուպացված տարածքներում մշակութային արժեքների ոչնչացման և մարդու իրավունքների ոլորտում օր օրի վատթարացող հարցերը։

Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր ենք համարում երկու հայկական պետությունների՝ միջխորհրդարանական հանձնաժողովի միջոցով օրենսդիր մարմինների համագործակցության օր առաջ վերսկսումը, որտեղ կքննարկվեն անվտանգային, Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին համաչափ ու համարժեք արձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու և բազմաթիվ այլ հրատապ հարցեր:

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները՝ կոչ ենք անում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների նախագահներին հրատապ կազմակերպել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ»:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն