Լրահոս
Հայաստան
14:46
08.01.22
1 085

Անընդունելի էր Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելը․ Ագնեսա Խամոյան

Img default alt hy

«Aravot.am»-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ՝ հասկանալու ընդդիմության դիրքորոշումը Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ․

-Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել և Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ 

Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպե՞ս պետք է աշխատի և հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։ 

Իշխանության դիրքորոշումը պարզ է, իսկ ինչ է ի վերջո կարծում ընդդիմությունը՝ պետք է՞ր զորամիավորում ուղարկել Ղազախստան, թե՞ ոչ։ 

-Նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի իշխանություններին օգնելու մոլեռանդ պաշտպան Արմեն Գրիգորյանն այն նույն Արմեն Գրիգորյանն է, որը դեռ տարիներ առաջ, աշխատելով «սորոսական» ՀԿ սեկտորում, խոսում էր Նազարբաևի՝ ծերուկ լինելու մասին, և նույն ջանասիրությամբ հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է Ղազախստանը ձերբազատվի Նազարբաևի միապետական ռեժիմից։ 

Սա զուտ հիշեցման կարգով, այստեղ կարող ենք հիշել նաև Նիկոլ Փաշինյանի տարատեսակ հայտարարությունները, երբ ընդդիմադիր ժամանակ ծաղրում էր ՀԱՊԿ-ին կամ իշխանափոխությունից հետո, երբ սկսեց վարկաբեկել այս կառույցը՝ կալանավորելով այդ ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին (Յուրի Խաչատուրովին-Ն.Գ․)։

Հիմա ավելի դիպվածային. փաստորեն, ըստ Արմեն Գրիգորյանի, ՀԱՊԿ մեխանիզմները աշխատող մեխանիզմներ են: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են դրանք աշխատում Ղազախստանի ներքաղաքական կյանքի համար և ոչ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։

Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանը նույն այդ «գործուն մեխանիզմները» թեկուզ այսօր չի կիրառում Սև լիճ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներից տարածքը մաքրելու համար։

Երբ Արմեն Գրիգորյանն այնքան է անկեղծանում՝ խոստովանելով, որ հնարավոր ներքաղաքական սրման ժամանակ ՀԱՊԿ-ից ակնկալում են նույն օգնությունը Հայաստանին, ես կարո՞ղ եմ արձանագրել, որ ՀԱՊԿ «գործուն մեխանիզմները» լավ էլ հատուկ չեն պնդել ադրբեջանցիներին ՀՀ սուվերեն տարածքից դուրս շպրտելու համար, բայց փոխարենը գործի կդնեն բողոքի ակցիայի դուրս եկած սեփական քաղաքացիների դեմ։ 

Արմեն Գրիգորյանը շատ հստակ մեսիջ է տալիս ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանցիները հեչ, բայց որ ներքաղաքական իրավիճակը սրվի, դուք էլ մեզ պետք է օգնեք։