Լրահոս
Քաղաքական
16:15
21.09.24
157

Անկախությունը ոչ միայն նվաճված իրավունք է, այլ նաև ամենօրյա պատվաբեր հանձնառություն. Վահե Հովհաննիսյան

Img default alt hy

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առիթով:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

անկախությունը ոչ միայն նվաճված իրավունք է, այլ նաև ամենօրյա պատվաբեր հանձնառություն: Այն պարզապես վիճակ չէ, այլ նաև հարատև ընթացք, պարուրաձև ճանապարհ, որով անցնող յուրաքանչյուր քայլ կա՛մ ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, կա՛մ խարխլում: Անկախությունը դրսևորվում է մեր գործողությունների մեջ, և մեզնից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի այդ գործընթացում։

Հարցը մեկն է. արդյոք մենք մեր կատարած աշխատանքով, նվիրումով, գործողություններով նպաստո՞ւմ ենք ինքնիշխանության և սուվերենության ամրապնդմանը։

Հայաստանի Հանրապետության անկախությունն ուղիղ համեմատական է այն արժեքին, որը մենք ստեղծում ենք և ներկայացնում աշխարհին։ Մեր ավելացած արժեքը մեր քաղաքացիների մտավոր ու հոգևոր շարունակական զարգացումն է։ Այդ արժեքը մեծանում է, երբ յուրաքանչյուրս կատարելագործվում ենք մեր գիտելիքներով, աշխատանքով և նվիրումով։ Եվ այդ աճը մեր ներդրումն է ինքնիշխանության ամրապնդման առաքինի գործում։

Անկախությունը կերտում են մարդիկ։ Մեր ներկան և այդ ներկայում ստեղծված արժեքներն են հենց դառնում ապագայի հզոր հենասյուն: Այսօր վերահաստատում ենք մեր հավատարմությունը Հայաստանի Հանրապետությանը՝ վստահ, որ նրա հզորությունը բխում է մեր ներքին ուժից, մեր միասնությունից և ինքնաճանաչման շարունակական գործընթացից:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ»,- ասված է ուղերձում։