Լրահոս
Միջազգային
14:27
15.01.22
92

Ալեք Բոլդուինն օպերատորի սպանության գործի քննության համար հանձնել է իր հեռախոսը

Img default alt hy

Դերասան Ալեք Բոլդուինը, ով 2021թ․ ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել ու սպանել էր օպերատորին, հունվարի 14-ին գործի քննության շրջանակում իրավապահներին է հանձնել իր բջջային հեռախոսը, հայտնել է դերասանի փաստաբան Ահարոն Դայերը:

«Ալեքն ինքնակամ հեռախոսը հանձնել է իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավարտել հետաքննությունը»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը ոչ մի սխալ բան չի արել:

Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում սխալմամբ մարդ էր սպանել։ 

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ:

Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ 

42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել: