Լրահոս
Քաղաքական
18:13
05.01.23
86

ԱԳ նախարարը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Img default alt hy

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի:

Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից շարունակական և հասցեական արձագանքն ու քայլերը Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի դիրքորոշումը՝ գոհունակություն հայտնելով նաև 2022 թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում Ֆրանսիայի կողմից հնչեցված կոչերի և հետագայում ներդրված ջանքերի կապակցությամբ: