Լրահոս
Հասարակական
18:45
09.02.22
609

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը մեր նպատակներից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։ Փաշինյանն այս մասին ասել է խորհրդարանում` պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարցի շուրջ առարկայական խոսակցության։

Նա շեշտել է, որ այս հարցի շուրջ քննարկումներից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանին որևէ մեկը փորձում է օրակարգ պարտադրել կամ հենց Հայաստանն է ինչ-որ օրակարգից խուսափում։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը, իհարկե, մեր կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն պատասխան է սպասում Երևանից հնարավոր խաղաղության պամանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հունվարի 20-ին ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձևակերպումն ու ստորագրումը ենթադրում է մի շարք պայմանների առկայություն։ Նա ընդգծել էր, որ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։