Լրահոս
Իրավական
20:04
18.05.23
318

Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ կասկածվող զոհվածի մոր ձերբակալման որոշումը բողոքարկվել է

Img default alt hy

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։