Լրահոս
Իրավական
13:50
12.05.22
630

Զոհված զինծառայողների ծնողների պահանջով Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի․ փաստաբան

Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։

«Միջնորդությունը բավարարվել է, դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը։ Ես հիմա քննիչի մոտից եմ դուրս գալիս, ըստ քննիչի՝ պլանավորվում է հարցաքննություն, թե երբ, այդ մասին դեռ որևէ տեղեկություն չունեմ, քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը։

Հետագա անգործությունը բացառելու նպատակով մենք ծնողների հետ այսօր մի փոքր քննարկում կունենանք, և օրվա երկրորդ կեսին մենք կներկայացնենք  առավել կտրուկ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություն կատարելու մասով»։

27 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ դատախազի կողմից, ևս 15 ծնողի վերաբերյալ իրենք են միջնորդություն ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ,  և այս պահին 8 կամ 9 ծնողը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, բայց գործընթացը դեռ շարունակվում է, այսօր վեց անձ հարցաքննվել է, ասել է Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի ծնող է այս պահին ճանաչվել տուժողի իրավահաջորդ։

Հարցին, թե ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեից գործը տեղափոխվեց Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն, փաստաբանն ասել է․

«Միանշանակ պարզ է, Հակակոռուպցիոն կոմիտեն չէր կատարում դատախազի ցուցումները, անգործություն էր ցուցաբերում և նաև նշեմ, որ դա ոչ միայն դատավարական անգործություն է, այլ նաև իր մեջ առերևույթ հանրային վտանգավորության տարրեր է պարունակում՝ հանցագործության տարրեր»։

Փաստաբանը նշել է, որ Փաշինյանը պետք է հարցաքննվի Քննչական կոմիտեում, ոչ թե քննիչը պետք է գնա ՀՀ կառավարություն։