Լրահոս
Աշխարհ
12:00
25.06.26
192

Անոմալ շոգ՝ Ֆրանսիայում. բուժաշխատողներն ահազանգում են մահացության հնարավոր աճի մասին

Img default alt hy

Ֆրանսիացի բուժաշխատողները լուրջ մտավախություն են հայտնում երկարատև անոմալ շոգի ֆոնին մահացության հնարավոր աճի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հիվանդանոցների ֆեդերացիայի (FHF) գլխավոր պատվիրակ Զեյնաբ Ռիեն։

«Մենք մտավախություն ունենք, որ հաշվի առնելով շոգի տևողությունը և պայմանները տներում ու հաստատություններում, մարդկանց առողջական վիճակը զգալիորեն կվատթարանա, - ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում։ - Մենք իսկապես վախենում ենք, որ, ամենայն հավանականությամբ, կբախվենք ավելցուկային մահացության»։ Ռիեն հավելել է, որ մարդիկ ավելի հաճախ են շտապօգնություն կանչում։

Ֆրանսիայում անոմալ շոգ է դիտվում հունիսի 17-ից։ Այդ կապակցությամբ դադարեցվել է շուրջ 10 հազար ուսումնական հաստատությունների աշխատանքը կամ փոխվել է դրանց ժամանակացույցը, սահմանափակվել է երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը։ Անոմալ շոգի պատճառով առնվազն հինգ մարդ է մահացել, ևս առնվազն 42 մարդ խեղդվել է ջրամբարներում, ինչը նույնպես կապում են շոգ եղանակի հետևանքների հետ։

Le Parisien թերթը՝ հղում անելով Ջերմաստիճանի չափումների ազգային գործակալության տվյալներին, հայտնել է, որ հունիսի 24-ը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրն է դարձել։ Այդ օրը հանրապետության ողջ տարածքում միջին ջերմաստիճանը կազմել է 30 աստիճան։ Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ավելի քան 50 դեպարտամենտներում գրանցվել է 40 աստիճանի ցուցանիշ։