Լրահոս
Քաղաքական
22:00
01.05.22
122

Խաչով ու դրոշով. ընդվզման ու դիմադրության ակցիաներ՝ Հայաստանով մեկ

2018-ի իշխանափոխությունից 4 տարի անց փողոցները նորից բազմամարդ են, բայց այս անգամ ակցիայի դուրս եկած մարդիկ իրենց հետ դագաղներ չեն տանում, ոչ էլ սև ժապավենով նկարներ։

Նրանք քայլում են՝ ծածանելով Արցախի ու Հայաստանի դրոշները, նրանց շապիկներին, «դուխով» գրության փոխարեն, իրենց խոսքով՝ ոգի տվող խաչ է:

Արցախյան առաջին՝ հաղթական ելքով պատերազմի ժամանակ, երբ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները սովետական բանակի արտահագուստով էին կռվում, հենց սպիտակ մեծ խաչն էր հայ զինվորների տարբերանշանը:

1918 թվականին թուրքական դիվիզիային արյունաքամ արած ու սպիտակ դրոշ պարզել ստիպած Բաշ Ապարանից, նույն թվականին 20-րդ դարի Ավարայր դարձած Սարդարապատից խաչը մեջքներին դրոշներով մարդկանց երկու խումբ այս շաբաթ քայլերթ սկսեց դեպի Երևան:

Երկու երթ էլ սկսվեց Տիգրանաշենից ու Իջևանից: Կազմակերպիչների խոսքով՝ հենց այս երկու բնակավայրերի մոտակայքում կան, այսպես կոչված, անկլավներ, որ Հայաստանի իշխանությունը, ըստ նրանց, պատրաստվում է հանձնել թշնամուն:

Երթերի ամբողջ ընթացքում մայրաքաղաքը «Զարթի՛ր, լաո» էր լսում, մեքենաներն ազդանշանում էին, ոստիկանները բերման էին ենթարկում, ակտիվիստները ամեն օր ավելի ու ավելի շատ փողոոցներ էին պարալիզացնում: