Լրահոս
Հասարակական
15:53
02.02.22
296

Վրիպակ ու տեխնիկական խնդիր. Կադաստրի կոմիտեն` Ալեն Սիմոնյանի բնակարանի մասին

Img default alt hy

Կադաստրի կոմիտեն պարզաբանում է տարածել, որտեղ, ըստ էության հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` նախօրեին արած հայտարարությունը` Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարանը տարիներ առաջ վաճառած լինելու մասին։

Միաժամանակ պետական մարմինը նաև ընդունել է, որ Սիմոնյանի գույքի մասին սխալ տեղեկատվությունը հենց իրենց վրիպակի պատճառով է տարածվել։

«Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է»,- նշված է Կադաստրի կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին տրամադրված տեղեկանքին, որի համաձայն Ալեն Ռոբերտի Սիմոնյանը տվյալ բնակարանի նկատմամբ գույքայի իրավունք ունի, ըստ Կադաստրի` դա «վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով»։

«Փաստերի ստուգման հարթակն» օրերս գրել էր, որ ԱԺ նախագահը թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։

Ըստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ տվյալ բնակարանն արդեն մի քանի տարի իրեն չի պատկանում։

«Նշված գույքը 2012-15թթ․ վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,- ասել էր Սիմոնյանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան, հերքում ու փոխհատուցում պահանջել «Փաստերի ստուգման հարթակից»։