Լրահոս
Հասարակական
15:18
11.04.25
322

VIVA հիմնադրամը Հայաստանի սահմանամերձ շրջաններում հեռաբժշկության ծրագիր է մեկնարկում

Img default alt hy

VIVA (Հայաստանի բժիշկներ և կամավորներ) բարեգործական հիմնադրամը հայտարարում է հեռաբժշկության փորձնական ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է Հայաստանի հեռավոր և դժվարամատչելի շրջանների բնակիչների համար բժշկական ծառայությունների հասանելիության բարելավմանը:

Այս ծրագրի նպատակն է որակյալ բժշկական ծառայություններ մատուցել այն սահմանամերձ շրջանների բնակչությանը, որտեղ ավանդական առողջապահական հաստատությունների ռեսուրսները սահմանափակ են կամ ընդհանրապես գոյություն չունեն:

Հեռաբժշկության խորհրդատվության ներդրումը կարող է կարևոր քայլ հանդիսանալգյուղական վայրերում նեղ մասնագիտացված ոլորտի մասնագետների պակասիխնդրի լուծման համար։ Այս համակարգը հնարավորություն կտա բժշկի և բուժառուիմիջև արդյունավետ փոխհարաբարություններ հաստատել՝ հեռավոր վայրերումտեղակայված հեռաբժշկության կետերը կապելով անհրաժեշտ մասնագետների հետ։

Ծրագրով նախատեսվում է երկրի սահմանամերձ շրջաններում հեռաբժշկության յոթ կենտրոն բացել, որոնք հագեցած կլինեն իրական ժամանակում առցանց խորհրդատվության, ախտորոշման և առողջության մոնիտորինգի սարքավորումներով: Դրանով այդ շրջանների բնակիչները հնարավորություն կունենան որակյալ բժշկական խորհրդատվություն ստանալ և առանց զգալի տարածություններ անցնելու մինչև մոտակա բժշկական հաստատությունները` հեռահար կապի միջոցով դիմել բժիշկներին:

Ծրագրի առաջին փուլը մեկնակելու է ապրիլի 12-ին` Ծավ գյուղի բուժկետի հանդիսավոր բացմամբ: Միաժամանակ հեռաբժշկության կետեր կսկսեն գործել Սյունիքի Նորաշենիկ, Խնձորեսկ և Տեղ գյուղերում։ Այնուհետև, երկրորդ փուլում, ծրագիրը նոր մարզեր կընդգրկի` Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում հեռաբժշկության կետեր կբացվեն Բարձրավան, Հալիձոր և Խաչիկ գյուղերում։

Ծրագիրը հնարավոր դարձավ Արթուր Գորոյանի շնորհիվ, ով վերջերս է միացել հիմնադրամին որպես հիմնադրամի դեսպան: Նա իր վրա է վերցրել անհրաժեշտ բուժտեխնիկայի, մասնագիտացված տրանսպորտի, դեղորայքի ձեռքբերման և ծրագրի իրականացման հետ կապված այլ ծախսեր:

Հեռաբժշկության կետերը կհամալրվեն ախտորոշման և առողջության մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև կմիանան տարբեր մասնագիտություններ ներկայացնող բժիշկների ցանցին, ովքեր պատրաստ են օգնության հասնել ցանկացած պահի։ Բնակչության ընդունելությունն իրականցվելու է երկու հաջորդական փուլերով: Առաջին փուլում VIVA հիմնադրամի բժիշկների շարժական բազմամասնագիտական արտագնա թիմը մասնագիտացված ընդունելություն կկազմակերպի՝ բուժառուների հետազոտման և բուժման ընդլայնված հնարավորություններով։ Այնուհետև յուրաքանչյուր կետում հերթապահ բուժքույր կաշխատի, որը համակարգված ընդունելություններ կկատարի և անհրաժեշտության դեպքում հիվանդներին կկապի նեղ մասնագետների հետ՝ առցանց խորհրդատվության համար: Բացի այդ, բուժքույրը կարող է հիվանդների դինամիկ մոնիտորինգ իրականացնել, կարգավորել թերապիան, կատարել անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ և, ըստ բժշկի նշանակման, հիվանդներին ապահովել անհրաժեշտ դեղամիջոցներով։

Հեռաբժշկության ծրագիրը նախատեսում է առաջին իսկ ամիսների ընթացքում հասնել հազարավոր հիվանդների՝ նրանց հնարավորություն տալով ստանալ այնպիսի բժշկական խորհրդատվություն, որը, հեռավորության և անհրաժեշտ բժշկական ռեսուրսների բացակայության պատճառով, նախկինում անհասանելի էր նրանց համար: Ծրագրի բոլոր փուլերում բոլոր ծառայությունները, այդ թվում՝ դեղորայքը, բուժառուներին տրամադրվում է անվճար և ամբողջությամբ ֆինանսավորվում է հիմնադրամի կողմից։