Լրահոս
Իրավական
14:02
28.03.22
121

Վեդիի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք

Img default alt hy

Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ:

ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ, այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք:

Մասնավորապես՝

•քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում,

•ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում,

•առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում,

•հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում:

ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց:

Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն: