Լրահոս
Հասարակական
17:32
18.10.22
151

Վայրի խոզն ազատվել է որսագողության մետաղալարից

Img default alt hy

Հոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք։

Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում վայրի խոզ տեսակի կենդանին արգելափակման մեջ էր հայտնվել որսագողության նպատակով տեղադրված մետաղական լարանում։

Կենդանին ազատ է արձակվել վայրի բնություն։Մետաղական լարանն առգրավված է, ձեռնարկվում են միջոցներ իրավախախտին հայտնաբերելու համար։

«Հարգելի քաղաքացիներ, անընդունելի է ցանկացած կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։
Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»,- ասված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ

Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝ կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկ (70.000-140.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100․000-200․000 ՀՀ դրամ) չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:
Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի (150․000-250․000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի (170․000-250․000 ՀՀ դրամ) չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով: