Լրահոս
Հասարակական
12:50
01.06.22
179

Վառնայում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Img default alt hy

2022 թ. մայիսի 30-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը։ Այս ծրագիրը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Վառնայի ներկայացուցչության միջև համագործակցության շնորհիվ։ Երկու կողմերի համատեղ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ազնավուր ընտանիքի գործուն մասնակցության արդյունքում Ազնավուրի հուշարձանի տեղադրումն իրականություն դարձավ մեկ տարվա ընթացքում, հայտնում է «Shantnews.am»-ը։

Արձանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Պրն․ Արմեն Եդիգարյանը, Իվա Դիկովան, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Տկն․ Ֆլորենս Ռոբինը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի արքեպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ Պրն․ Իվան Պորտնիհը, Վառնայի նահանգապետ Պրն․ Բլագոմիր Կոցևը, Վառնայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրեն Տկն․ Անտոնիա Յովչևան։ Հուշարձանի բացմանը մասնակցել է Վառնայի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը։ Նրանց հետ էին նաև Վառնայի հայ համայնքի անդամները, Բուլղարիայի խորհրդարանի անդամները, Վառնայի «Օդեսոս», «Պրիմորսկի» և «Մլադոստ» շրջանների ղեկավարները, Վառնայի ականավոր ընկերությունների գործադիր տնօրենները։

««Ազնավուր» հիմնադրամը ողջունում և աջակցում է նախաձեռնություններին, որոնք հավերժացնում են լեգենդար արտիստի մշակութային ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցում նրան։ Ի թիվս այս նպատակին ուղղված այլ ծրագրերի՝ Հիմնադրամը նախաձեռնել է նաև Շառլ Ազնավուրի հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրելու նախագիծ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և այլ աջակիցների հետ։

Շառլ Ազնավուրի հուշարձանը Վառնայում տեղադրելու առաջարկով հանդես են եկել ՀԲԸՄ Վառնայի մեր գործընկերները, ինչն էլ հանգեցրել է այս հիանալի իրադարձությանը։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀԲԸՄ Վառնային, Բուլղարիայում Հայաստանի դեսպանությանը, տեղական իշխանություններին և այս գեղեցիկ քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ արձանի տեղադրումը ջերմորեն ընդունելու համար։ Հույս ունենք, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը կդառնա Վառնայի սիրված ու անբաժանելի մասը»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Վառնայի «Graffit» սրահում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի նկարները սիրով տրամադրվել են Ազնավուր ընտանիքի կողմից և «Ազնավուր» հիմնադրամի արխիվից։