Լրահոս
Հասարակական
09:37
25.02.22
738

Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ին

Img default alt hy

Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիայի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։

2010-2021թթ. ՀՀ-ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։

Եվս մեկ հարցմամբ դիմել էինք Կադաստրի կոմիտե` տեղեկանալու, թե ընդհանուր առմամբ ՀՀ-ում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներն անշարժ գույքի առուվաճառքի քանի պայմանագիր են կնքել և երբ են եղել առաջին գործարքները։

Այսպես, ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած կոմիտեի տվյալների` մինչև 2010 թվականը Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք ՀՀ–ում ձեռք են բերել 9 հողատարածք, 1 բնակարան և 1 հասարակական նշանակության գույք։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարք վերոհիշյալ ժամանակահատվածում չի իրականացվել։

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 83 անշարժ գույք, որից 6-ը հետագայում վաճառվել է։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 6 անշարժ գույք. վաճառք չի եղել։

Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։