Լրահոս
Իրավական
17:45
18.01.23
119

Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետ դառնալուց հետո մնացել է ԱՆԻՖ-ում. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել. «Hetq.am»

Img default alt hy

«Hetq.am»-ը գրում է.

«Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին այդ պաշտոնում նշանակվելուց հետո շարունակում է մնալ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) դեկտեմբերի 12-ին վարույթ է հարուցել, որը վերաբերում է Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջներն առերևույթ խախտելուն: Այսինքն՝ ԿԿՀ-ն որոշ հիմքեր է գտել, որոնք թույլ են տալիս արձանագրել, որ Ավինյանի կողմից ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումն, ըստ էության, անթույլատրելի է:

Ընդ որում՝ վարույթ հարուցելու որոշումը ԿԿՀ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է վերջերս, չնայած կայացվել է ավելի քան մեկ ամիս առաջ:

Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա աշնանը, երբ Ավինյանի՝ Երևանի փոխքաղաքապետ դառնալուց հետո հայկական մամուլում բարձրացվեց նշված երկու պաշտոնները համատեղելու անթույլատրելիության կամ ապօրինության հարցը:

Մամուլի հրապարակումներին ի պատասխան՝ ԱՆԻՖ-ը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ փոխքաղաքապետ Ավինյանը ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը համատեղում է օրինական հիմքերով:

Որպես հիմնավորում ԱՆԻՖ-ը նշել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը, ըստ որի՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (ինչպիսին է Երևանի փոխքաղաքապետ Տ. Ավինյանը - «Հետք») կարող է ընդգրկվել 50 և ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու»։

ԱՆԻՖ-ը նկատել է, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն է, ինչն, իհարկե, ճիշտ է, մյուս կողմից՝ նշել է, որ որպես տնօրենների խորհրդի նախագահ Տ. Ավինյանը չի վարձատրվում, ինչը մեր կողմից հնարավոր չէ հաստատել կամ հերքել, սակայն այս պարագայում դա չէ գլխավորը:

Հարցն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը թույլ է տալիս նման համատեղում, եթե առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդում ընդգրկվելն ուղղակիորեն առնչվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի (այս դեպքում՝ Երևանի փոխքաղաքապետի) պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ»: