Լրահոս
Աշխարհ
10:35
28.05.22
173

Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած ողբերգական հրաձգությունից հետո ԱՄՆ-ում ուսանողները զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացնում

Img default alt hy

ԱՄՆ-ում հազարավոր ուսանողներ տարբեր նահանգներում դուրս են եկել փողոց՝ ի նշան հրազենի կիրառմամբ բռնության գործարդման դեմ բողոքի։ Բողոքի ցույցերն սկսվել են Տեխաս նահանգի տարրական դպրոցներից մեկում 21 մարդու կյանք խլած հրաձգությունից մի քանի օր անց, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է The Wall Street Journal-ը։

Everytown for Gun Safety կազմակերպության տվյալներով՝ այս շաբաթ գործադուլ ու դասադուլ են անում 34 նահանգի ավելի քան 200 ուսումնական հաստատության աշխատակիցներն ու ուսանողները։ Ինչպես նշում է պարբերականը, մյուս շաբաթ բողոքի ակցիաները շարունակվելու են։

Հիշեցնենք, որ Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ կրակողը տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսն է: Նա գործել է միայնակ՝ ձեռքին ունենալով ատրճանակ և, ենթադրաբար, ինքնաձիգ։ Դպրոց գնալուց առաջ նա սպանել է նաև իր տատիկին։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպից հետո ամերիկացիներին կոչ է արել դիմակայել զենքի լոբբիին։ Բայդենը հիշեցրել է, որ 2012 թվականից  ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 900 զանգվածային կրակոցներ են եղել։