Լրահոս
Հասարակական
16:09
07.02.22
116

Տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները կպարզեցվեն

Img default alt hy

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները:

Հեղինակի կողմից լրամշակված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը լրամշակվել է հեղինակի և Կառավարության կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության բանավոր առաջարկները օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Լրամշակված օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: