Լրահոս
Առողջապահական
20:30
29.12.22
111

Սոցիալական մեդիան և քնի խանգարումները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Սոցիալական մեդիայի օգտագործումն առողջության վրա ունենում է մի շարք բացասական հետևանքներ:

Օրինակ, ապացուցված է, որ սոցիալական մեդիայի օգտագործումը կապված է քնի խանգարումների հետ, ընդ որում, այն ոչ միայն կրճատում է քնի տևողությունը (գիշերային քնի ժամեր), այլև՝ վատթարացնում քնի որակը:

Սոցիալական մեդիայից օգտվելը սովորաբար ենթադրում է սմարթֆոնի կամ այլ տեխնիկայի էկրանի ինտերակտիվ օգտագործում, որը կարող է ավելի մեծ ազդեցություն թողնել քնի խանգարման վրա, քան ավելի «պասիվ» ձևերը, օրինակ՝ հեռուստացույց դիտելը:

Այլ մեխանիզմների հետ մեկտեղ, սոցիալական մեդիայի օգտագործումը կարող է ոչ միայն ուղղակիորեն ազդել քնի վրա՝ կրճատելով գիշերային քնին հատկացվող ժամանակը, այլև անուղղակիորեն խանգարել քունը՝ նպաստելով մարդու հուզական, ճանաչողական և հոգեբանական վիճակի գրգռմանը, հետևաբար՝ չթողնելով, որ ուղեղը հանգստանա և պատրաստվի քուն մտնելուն:

Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ օրական ավելի քան 2 ժամ սոցիալական մեդիային տրամադրելը գրեթե 2 անգամ բարձրացնում է քնի խանգարման հավանականությունը։

Սոցիալական մեդիայից «կախվածությունը» խաթարում է նորմալ քունը՝ անկախ օգտագործման ժամից:

Քնած վիճակում մարդու ուղեղն անցնում է որոշակի ցիկլեր (գիշերվա ընթացքում՝ 4-6 անգամ), որոնք կազմված են միմյանց փոխարինող արագ և դանդաղ փուլերից։ Ուղեղը և մարմինը հանգստանում են գլխավորապես դանդաղ քնի փուլում, երբ գրանցվում է նաև անոթազարկի դանդաղում, արյան ճնշման նվազում և նյութափոխանակության դանդաղում։ Իսկ երազներ տեսնում եք քնի արագ փուլի շրջանում։

Օրգանիզմի «ներքին մեխանիզմները» հսկում և կարգավորում են, թե մենք երբ քնենք և արթնանանք: Երբ այս մեխանիզմները խափանվում են, օրինակ՝ սոցիալական մեդիայի գերօգտագործման, գիշերային հերթապահության կամ այլ պատճառներով, առաջ են գալիս քնի խանգարումներ:

Քնի խանգարումը բացասաբար է անդրադառնում է  ցերեկային առօրյա կյանքի վրա՝ առաջացնելով քնկոտություն, ընդհանուր հոգնածության զգացում, մտավոր և ֆիզիկական գործունեության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն և այլն։

Առողջ քունն այնքան կարևոր է, որքան կանոնավար ֆիզիկական ակտիվությունը, առողջ սննդակարգը և առողջության պահպանման մյուս բաղադրիչները:

Բավարար քնի բացակայությունը կարող է լրջորեն ազդել առողջության վրա: Մտավոր նորմալ գործունեությունը խաթարելուց բացի, քնի պակասը կարող է առաջացնել նաև տարբեր խնդիրներ, այդ թվում բարձրացնել այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կամ շաքարախտը (շաքարային դիաբետ): Մարդիկ, ովքեր քնի մշտական պակաս ունեն, ավելի մեծ հավանականությամբ են դառնում ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների կամ զոհ կամ մեղավոր:

Քնի մշտական պակասը կարող է դառնալ նաև վաղաժամ մահվան բերող անբարենպաստ գործոններից մեկը»: