Լրահոս
Հասարակական
13:16
23.04.22
317

«Շատ հանգիստ, կիրթ տղա է»․ ի՞նչ է պատմում աներոջը և զոքանչին սպանած տղամարդու մասին գյուղապետը

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները դեռ չգիտեն՝ ինչն է պատճառը եղել, որ փեսան սպանել է իր աներոջը և զոքանչին,  վիրավորել աներձագին։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Նալբանդյանի վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը։

«Ամբողջ գյուղը շոկի մեջ է։ Լաերտը շատ հանգիստ, կիրթ տղա է։ Մենք չենք հասկանում՝ ինչու նման բան կատարվեց»,- նշել է գյուղապետը։

Գյուղապետը պատմել է, որ և փեսայի, և կնոջ ընտանիքներ նույն գյուղից են։ Փեսայի ծնողները դպրոցում ուսուցիչներ են եղել․ հայրը՝ ֆիզիկայի, մայրը՝ մաթեմատիկայի։ Ինքն էլ իր տան բակում մթերային խանութ է ունեցել, կինն էլ խանութում է աշխատել։

«Կնոջ ծնողները ևս շատ հանգիստ ու լավ մարդիկ էին։ Հայրը շինարար էր, մայրն էլ ուսուցիչ։ Կնոջ ընտանիքի հետ փեսայի հարաբերությունները լավ էին։ Նույնիսկ, երբ աները Ռուսաստանում շինարարությամբ էր զբաղվում, փեսայի անունով էր ուղարկում գումարը, ինքն էլ հանձնում էր կնոջ ընտանիքին»,- ասել է Մկրտչյանը։

Կնոջ եղբայրն էլ զբաղվում է անասնապահությամբ, երեք որդի ունի։

Դեպքի օրը հարևանները վիճաբանության ձայներ չեն լսել, կրակոցների ժամանակ են դուրս եկել տներից։

«Այդ ժամանակ չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում։ Արագ օգնում էինք շտապ օգնությանը տեղափոխել վիրավորներին։ Ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Ես մեկ անգամ եմ հիշում, որ Լաերտի ընտանիքում աղմկոտ վիճաբանություն լինի կնոջ հետ․ մեկ տարի առաջ էր, բայց շատ արագ հարթվեց»,- ընդգծել է Գրիգոր Մկրտչյանը։