Լրահոս
Սպորտ
18:29
19.10.22
102

Սևանցի Նարե Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել «Սևմաստոպոլյան առագաստանավեր» միջազգային մրցույթում

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սուքիասյանը վերջերս մասնակցել է  ՌԴ Սևաստոպոլ քաղաքում կայացած «Սևաստոպոլյան առագաստանավեր» միջազգային մրցումներին և տուն վերադարձել ոսկե մեդալով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը, Նարեն առագաստանավային սպորտով տարվել է վաղ տարիքից՝ 7 տարեկանից,  և մարզվել Սևանում գործող առագաստանավային սպորտի խմբակում, մարզիչներ Սմբատ Հակոբյանի և Հայկ Սուքիասյանի մոտ։ Նարեին արդեն ընդունել և շնորհավորել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

«Նարեն մասնակցել է տասից ավելի տեղական և միջազգային մրցաշարերի և միշտ մրցանակներ բերել մեր քաղաքին։ Այժմ նա նախապատրաստվում է Ռուսաստանի Դաշնության Գելենջիկ քաղաքում կազմակերպվող մրցումներին և խոստանում է տուն վերադառնալ նոր ոսկե մեդալով, իսկ իր ամենամեծ երազանքն այն է, որ նվաճի նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի կոչումները։ Մենք էլ ոչ միայն հպարտանում ենք նրանով, այլ նաև վստահում ու հավատում։ Իրոք, Նարեն մեր դպրոցի պարծանքն է ոչ միայն մարզական ոլորտում։ Նա փայլում է նաև դպրոցական բոլոր առարկաների իմացությամբ, իր անսահման խելքով, շնորհներով,  համեստությամբ ու աշխատասիրությամբ»,-ներկայացրեց Լուսինե Հովհաննիսյանը։