Լրահոս
Հասարակական
11:07
24.02.22
648

Սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ չեն բացառվում. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

 ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, և սա առաջին հերթին վերաբերվում է հատկապես ներքին ու արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ռուս-ուկրաինական իրադարձությունների զարգացմանը։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով՝ որքան հասկանում եմ` միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն։

ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել։ Սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում է սահմանային միջադեպերի և, առհասարակ, հրադադարի խախտումների հավանականությունը»,–գրել է Աբրահամյանը։

Նրա խոսքով` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ Թուրքիան ունի հստակ հակառուսական դիրքորոշում, և ՌԴ ծավալած օպերացիային ի պատասխան փոքր մասշտաբի սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ չեն բացառվում։

Աբրահամյանը հավելում է, որ այստեղ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի ցանկությունը չէ. կա վտանգ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ կարվի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում՝ ստիպելով ՌԴ-ին լրացուցիչ ջանք և ռեսուրս մշտապես ապահովել Հարավային Կովկասում։