Լրահոս
Քաղաքական
13:32
28.03.22
138

Սա մեր բնակչության խայտառակ պատասխանն է. «Իմ հզոր համայնքի» ներկայացուցիչ

Img default alt hy

Երեկ Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ 

«Իմ հզոր համայնքի» ավագանու ցուցակում ընդգրկված Սևակ Աղաբեկյանը «Oragir.news»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտրության արդյունքներին, նշել է. 

«Սա պարտություն չէ, սա մեր բնակչության խայտառակ պատասխանն է»։

Հարցին, թե երեկ իրենց վստահված անձինք ընտրախախտումներ արձանագրե՞լ են, պատասխանել է, որ խախտումները եղել են մինչև ընտրության օրը. 

«Բացահայտ խախտումներ տեղի չեն ունեցել՝ չհաշված ԱԺ պատգամավորների անհասկանալի ներկայությունը։ Կասկածելի է հիմնականում մասնակցության նման ակտիվությունը, որը, ըստ իս և ըստ չփաստարկված խոսակցությունների, ընտրակաշառք բաժանելն է ու վարչական լծակի կիրառումը»։ 

Լրագրողի մեկ այլ հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ ամիսներ առաջ Թարթիկյանին էին ամենաշատ քվեները տվել, արդյոք այն ժամանակ վարչական լծակ չի՞ կիրառվել, նա նշել է. 

«Դեկտեմբերի 5 ին իրենք դեռ ամբողջությամբ չէին ստանձնել համայնքային իշխանությունը։ Ընտրությունից հետո է Գարիկը նշանակվել Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ԺՊ, որից հետո ազատեցին մեր կողմնակից համայնքի ղեկավարներին և ՀՈԱԿ-ների տնօրեններին»։ 

Իսկ ինչ վերաբերում է երեկվա ընտրության արդյունքները բողոքարկելուն, Աղաբեկյանն ասաց, որ դեռ 3 օր ժամանակ կա, պետք է հասկանան իրավիճակը. 

«Եռօրյա ժամկետ կա բողոքարկման՝ եթե չեմ սխալվում, պետք է հասկանանք, վերլուծենք կատարվածը ու գնահատենք ընդհանուր իրավիճակը ու գանք այն եզրահանգման, որ եթե կա հնարավորություն դեպի դրական փոխելու, կբողոքարկենք։ Ինքնանպատակ ու ձևական բողոքարկում չի լինելու»։