Լրահոս
Տարածաշրջան
15:47
16.03.21
61

«Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է»․ Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում, սակայն փոխգործակցությունն այնտեղ շարունակվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

Նրա խոսքով՝ Սիրիայում ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ սերտորեն համագործակցում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջև:

«Իրավիճակն այն շրջաններում, որտեղ իրականացվում է փոխգործակցությունը, բավականին բարդ է մնում, այնտեղ շարունակում են մնալ ահաբեկչական տարրեր, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, բայց, այնուամենայնիվ, փոխգործակցությունը շարունակվում է: Սիրիայի հարցում տարաձայնություններ կան»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

«Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային-հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»,-հայտարարել էր Զախարովան:

Նրա խոսքով՝ «անցած հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է»: