Լրահոս
Հասարակական
19:55
07.02.22
129

Ռուս-չինական համատեղ հայտարարությունը նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անդրադարձել է ռուս-չինական համատեղ հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը։ 

«Ռուս-չինական համատեղ հայտարարության առանձնահատկությունները

Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ, Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, սակայն մասշտաբային առումով այս համատեղ հայտարարությունը աննախադեպ է:

ՉԺՀ-ն իր աջակցությունը հայտնեց ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ին ուղղված պահանջների հարցում, իսկ ՌԴ-ն խոստացավ չճանաչել Թայվանի անկախությունը և դատապարտեց կորոնավիրուսի ծագման քաղաքականացումը Արևմուտքի կողմից:

ՌԴ Նախագահի՝ Պեկին կատարած այցի ընթացքում հրապարակվեց համատեղ հայտարարություն, որն ունի ծրագրային բնույթ: Այն պարունակում է ռազմավարական համագործակցության երկարատև և սկզբունքային մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, կողմերը հանդես են գալիս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման դեմ, կոչ են անում հյուսիսատլանտյան դաշինքին՝ հրաժարվել սառը պատերազմի ժամանակներին բնորոշ հակամարտության տանող քաղաքականությունից, հարգել այլ երկրների ինքնիշխանությունը, նրանց անվտանգային և այլ շահերը, ընդունել տարբեր երկրների քաղաքակրթական և պատմական առանձնահատկությունները, ինչպես նաև օբյեկտիվ և արդար վերաբերվել այլ երկրների խաղաղ և ինքնուրույն զարգացումներին:

Բացի այդ, Չինաստանը աջակցեց Ռուսաստանին՝ Եվրոպայում անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում:

ՉԺՀ-ՌԴ համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ որոշ երկրներ շարունակում են հետապնդել միակողմանի շահեր՝ խառնվելով այլ երկրների ներքին քաղաքականությանը:

Համաձայն հայտարարության՝ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, և չի կարող թելադրվել դրսից, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի կառուցել իր պատկերացրած ժողովրդավարական հասարակությունը: Ոչ մի երկիր իրավունք չունի որոշելու՝ ո՞ր երկիրն է ժողովրդավար, որը՝ ո՛չ:

Այս հարցում որոշ երկրների կողմից ժողովրդավարության մոնոպոլիզացիան և սեփական ստանդարտների պարտադրումը իրականում խեղաթյուրում են ժողովրդավարությունը և սպառնալիք են հանդիսանում գլոբալ և ռեգիոնալ անվտանգության և հաստատված աշխարհակարգի կայունության համար:

Միաժամանակ՝ ՌԴ-ն հաստատում է իր հավատարմությունը «մեկ և միասնական Չինաստանին» և Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի անքակտելի մաս:

Հայտարարությամբ կոչ է արվում միջուկային տերություններին՝ հրաժարվել միջուկային զենքի սպառնալիքով քաղաքականության իրականացումից, դուրս բերել այլ երկրներում տեղակայված միջուկային սպառազինությունը: ՌԴ-ն և ՉԺՀ-ն հաստատակամ են երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորված աշխարհակարգի պահպանման հարցում և մերժում են պատմության ցանկացած խեղաթյուրում:

Մեծ հաշվով, կարելի է ասել, որ այս հայտարարությունը նախկինում եղած տարբեր համատեղ հարցերի և հայացքների ընդհանրացում է: Էական տարբերությունն այն է, որ անվտանգության հարցերում կողմերը բացահայտ քննադատում են ԱՄՆ-ին, ինչը Չինաստանը նախկինում չէր անում՝ երկկողմ հարաբերությունների համար բաց թողնելով դուռը:

Հատկանշական է նաև այն, որ ՉԺՀ-ն և ՌԴ-ն քննադատաբար են մոտենում փակ ռազմական դաշինքների գործունեությանը, ինչից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ՉԺՀ ռազմական դաշինքի ձևավորման մտայնություն (ինչի մասին վերջերս խոսվում էր միջազգային լրատվամիջոցներում) այս փուլում գոյություն չունի:

Առաջին անգամ Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հանդես եկան նաև ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից իրականացվող ռազմա-կենսաբանական գործունեության դեմ, որին նախկինում Չինաստանը չէր անդրադառնում: Այն հետևանք է COVID-19-ի լաբորատոր ծագման մասին ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ուղղված մեղադրանքների:

Հարկ է նշել նաև, որ ՌԴ նախագահի այցի ընթացքում ռուսական «Ռոսնեֆտը» և չինական CNPC-ն (China National Petroleum Corporation) ստորագրել են Ղազախստանով դեպի Չինաստան մինչև 100 մլն տոննա նավթի մատակարարման պայմանագիր: Իսկ «Գազպրոմը» պայմանավորվել է Չինաստանին տարեկան լրացուցիչ 10 մլրդ խմ գազի մատակարարման հարցում:

Դատելով համատեղ հայտարարությունից, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ու Չինաստանն առաջիկայում առավել կակտիվացնեն իրենց դիվանագիտական շփումները, իսկ անվտանգության և ժողովրդավարության հարցերում հանդես կգան ռազմավարական համագործակցության դիրքերից: Չինաստանը, փաստացի, ստորագրել է Ռուսաստանի համար ռազմավարական անվտանգություն հանդիսացող հիմնական հարցերի տակ՝ ներառյալ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ ջանքերի դեմ հանդես գալու, ինչպես նաև ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված մեծ հեռահարության գերճշգրիտ զենքերի ստեղծման հարցերը:

Հ.Գ. Ի՞նչ հակաքայլեր կձեռնարկի Արևմուտքը և ինչպե՞ս այն կանդրադառնա հատկապես արևելաեվրոպական տարածաշրջանի վրա, դեռևս մնում է անկանխատեսելի»,- գրել է Արտակ Զաքարյանը: