Լրահոս
Արցախ
16:04
07.11.22
118

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հայ տրակտորիստի ուղղությամբ կրակել են ադրբեջանական դիրքից

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշում է, որ Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։

«Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, ով գյուղատնտեսական տեխնիկայի կիրառմամբ հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում։ Գնդակոծության հետևանքով տեխնիկան թեթևակի վնասվել է, տեղի բնակիչը չի տուժել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում»,- հաղորդում է ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։