Լրահոս
Իրավական
17:00
12.04.25
854

Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պшյթուցիկի նմանվող կասկածելի իր. ժամանել են սակրավորները

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված, հայտնում է Shamshyan.com-ը: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Նշված նրբանցքի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի: 
 
Պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը, մինչև դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները: 
 
Վերջինները վնասազերծել են կասկածելի իրը:
 
Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա է եղել բրոնզանման նյութ: 

Սակրավորները այն տեղափոխել են անվտանգ վայր: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն:
 
Ոստիկաններն ու քննիչները արդեն մոտավոր գիտեն դեպքի հանգամանքները, շարժառիթը և կասկածյալների ինքնությունը: 
 
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: