Լրահոս
Հասարակական
23:45
02.02.22
148

QR կոդերի համար ոչ մի տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են ու չեղարկվելու. Աշոտ Բարսեղյան

Img default alt hy

Հանրային սննդի կետերը չեն վճարելու QR կոդերի համար կազմված տուգանքները, վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումները կբողոքարկվեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր որոշմանը։

Հանրային սննդի վայրեր, ինչպես նաև մշակութային և ժամանցի վայրեր քաղաքացիների մուտքը հունվարի 22-ից թույլատրվում է միայն պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան, QR կոդ ներկայացնելու դեպքում։

Ա.Բարսեղյանի փոխանցմամբ՝ այս որոշման հետեւանքով առավելապես տուժել են մայրաքաղաքի կենտրոնում գործող հանրային սննդի կետերը՝ մինչև 80 տոկոսի չափով ։

«Քանի որ հիմնական ստուգումներն իրականացվում են կենտրոնում, համապատասխանաբար կենտրոնի հաստատություններն են շատ տուժել, այն վայրերում, որտեղ ստուգում է իրականացվել, 50-80 % անկում է նկատվում:

Ես ունեմ տվյալներ, որ սովորական ռեստորանները, որտեղ ստուգումներ չեն իրականացվել, շրջանառության կեսը կորցրել են այս աղմուկի պատճառով, քանի որ մարդիկ վախի ազդեցության տակ չեն այցելել հանրային սննդի վայրեր»,- նշել է Աշոտ Բարսեղյանը։ Ըստ նրա՝ մարզերում այլ է վիճակը, խիստ ստուգումներ չեն իրականացվում, չնայած այս շաբաթ-կիրակի տեսչական անձնակազմը եղել է Ծաղկաձորում:

«Բայց ես կրկնում եմ՝ սա պետական միջոցների, ռեսուրսի չարաշահում և վատնում է: Ինձ թվում է՝ ի վերջո մենք հանգելու ենք նրան, որ հայցերով դիմենք դատարան՝ այս մարդկանց անպատասխանատվության համար»,- նշել է Բարսեղյանն ու ընդգծել,- ոչ մի իրավախախտման համար տուգանք չի մուծվելու, բոլորը բողոքարկելու են և չեղարկելու են, քանի որ նույնիսկ հրաման գրելու իրավաչափությունը չի պահպանվել»։

Հանրային սննդի ոլորտի վատ վիճակի մասին տեղեկացված է նաև էկոնոմիկայի նախարարությունը, որը բիզնեսին օգնելու փոխարեն լուռ ու մունջ կրկնում է Առողջապահության նախարարությանը: Մինչդեռ մի շարք երկրներ, ինչպես նկատել է մեր զրուցակիցը, արդեն հասկանում են, որ կոլեկտիվ իմունիտետից բացի ոչ մի այլ գործուն մեթոդ չկա՝ համավարակի դեմ պայքարելու համար։

«Վրաստանն արդեն չեղարկել է QR կոդերի կիրառումը»,- արձանագրել է Ա. Բարսեղյանը։