Լրահոս
Միջազգային
09:29
24.02.22
570

Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

«Հանգամանքները ստիպում են մեզնից վճռական և անհապաղ գործողություններ:Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ մասի 51-րդ հոդվածի և ի կատարումն Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության մասին պայմանագրերի, ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողություն անցնացնելու մասին»,- ասել է  Պուտինը հեռուստաուղերձում:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի պլաններում Ուկրաինայի օկուպացիայի հարցը չկա, սակայն մոսկվան ձգտելու է նրա դեմիլիտարիզացիային:

«Հատուկ գործողության նպատակը մարդկանց պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար մենք ձգտելու ենք Ուկրաինայի դեմիլիտարիզացիային և դենացիֆիկացիային, ինչպես նաև դատարանին հանձնելու նրանց, որոնք իրականացրել են բազմաթիվ արյունալի հանցագործություններ խաղաղ բնակիչների նկատմամբ, այդ թվում ՌԴ քաղաքացիների»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Ռուսաստանի բախումը Ուկրաինայում ազգայնական ուժերի հետ անխուսափելի է.

«Դա միայն ժամանակի հարց է: Նրանք պատրաստվում են և սպասում հարմար ժամի: Հիմա էլ հավակնում են ունենալ միջուկային զենք: Մենք թույլ չենք տա նրանց դա անել»,-ասել է Պուտինը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ, գոյություն ունենալ Ուկրաինայից եկող մշտական սպառնալիքի տակ, նկատելով, որ անընդունելի է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրիանայի յուրացումը:

Ռուսաստանի քաղաքականության հիմքում ազատությունն է, այդ իրավունքը պետք է ունենան բոլորը, այդ թվում Ուկրաինայի բնակիչները, հայտարարել է ՌԴ նախագահը.

«Ընտրության ազատություն բոլորի համար, որ ինքնուրույն որոշեն իրենց և իրենց երեխաների ապագան:  Մենք կարևոր ենք համարում, որ այդ իրավունքից, ընտրելու իրավունքից կարողանան օգտվել Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդները: Բոլորը, ով դա ուզում է»,- ասել է նա:

Պուտինը հիշեցրել է, որ ոչ ԽՍՀՄ ստեղծելիս, ոչ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժամանակակից Ուկրաինայի կազմում գտնվող այս կան տարածքում ապրող մարդկանց չեն հարցրել, թե ինչպես են իրենքուզում կառուցել իրենց կյանքը:

Պուտինը դիմել է նաև ուկրաինացի զինվորականներին՝ նշելով, որ նրանք հավատարմության երդում են տվել ժողովրդին, ոչ թե հակաժողովրդական խունտային, որը թալանում է Ուկրաինան:

«Հարգելի ընկերներ, ձեր հայրերը, պապերը և նախապապերը նրա համար չեն պայքարել նացիստների դեմ՝ պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը, որպեսզի այսօրվա նեոնացիստները զավթեն իշխանությունը Ուկրաինայում»,- ասել է նա:

ՌԴ նախագահը կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել հանցավոր հրամաններ, անհապաղ վայր դնել զենքը և գնալ տուն: Նա միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայի բանակի բոլոր զինծառայողները, որոնք կկատարեն այդ պահանջը, կկարողանան առանց խոչընդոտների լքել ռազմական գործողությունների գոտին և վերադառնալ տուն իրենց ընտանիքների մոտ:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է և կշարունակի հարգել ԱՊՀ երկրի ինքնիշխանությունը.

«Մենք հարգանքով ենք մոտենում և կշարունակենք այդպես մոտենալ հետխորհրդային տարածքում նոր ձևավորված կազմավորումներին: Մենք հարգել և կշարունակենք հարգել նրանց ինքնիշխանությունը: Դրա օրինակը օգնությունն է, որ մենք ցուցաբերեցինք Ղազախստանին, որը բախվեց ողբերգական իրադարձությունների, իրենց պետականության և ամբողջականության մարտահրավերներին»,- հիշեցրել է նա: