Լրահոս
Հայաստան
17:18
30.03.22
201

Պետք է պատրաստ լինեն քննադատության. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանի և մի քանի որդեկորույս մայրերի հանդիպման մասին

Img default alt hy

Մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված հանդիպումը նրա և զոհված տղաների մի քանի մայրերի հետ։ Հանդիպումը լայն քննադատության առիթ դարձավ, մայրերին մեղադրում էին Հակոբյանի հետ հանդիպմանը մասնակցելու մեջ։ 

Միջոցառմանը ներկա է եղել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, որտեղ երգել է իր հայտնի «Խաչիկը-Վաչիկը» երգը։ Երգչուհին անդրադարձել է նաև իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ այդ միջոցառմանը երգել է անվճար, և երգել է բացառապես այն երգերը, որոնք մայրերն են ուզել։ Երեկ էլ թեմային անդրադարձել էր նաև Աննա Հակոբյանը։ 

Նա, վերլուծելով հանրային արձագանքի տարբեր օրինակներ, եկել է եզրակացության, որ հանրությունը չի ընդունում, որ զոհվածի մայրը կարող է վերադառնալ բնականոն կյանքի և որոշակի հանրային պահվածք դրսևորել, որը դուրս է ընդունված պատկերացումներից։

Զոհված Մխիթար Գալեյանի մայրիկից՝ Աստղիկ Գալեյանից, «Oragir.news»-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք իրեն հրավիրել են մասնակցելու միջոցառմանը: Նա պատասխանել է.

«Ոչ, հրավեր չի եղել»։ 

Ինչ վերաբերում է նաև մայրերի հասցեներին հնչած քննադատություններին՝ միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ, ասել է, որ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր արարքի համար. 

«Ամեն ծնող ինքն է պատասխանատու իր արարքների համար, իրենց որոշումն է, կոնկրետ ես չեմ մասնակցել։ Մամաների հանդիպմանը դեմ չեմ՝ ասում են, խոսում, լիցքաթափվում, մայրերը միմյանց հասկանում են շատ լավ, չէ՞ որ բախտակիցներ ենք։ Չպետք է հանրայնացնել այդ ամենը, ու քանի որ արդեն բոլորը տեսել են, ուրեմն պետք է պատրաստ լինեն քննադատության։ Դա բնական երևույթ է»։