Լրահոս
Հայաստան
09:44
17.02.21
63

«Պետք է մնալ Հայաստանում և գիտակցել, որ դժվարագույն աշխատանք է մեզ սպասվում». Սերժ Սարգսյան

Img default alt hy

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

Մեկ հարց կա, պարո՛ն նախագահ, որին Դուք պետք է անձամբ պատասխանեք: Մենք հիմա պատերազմի մասին ենք խոսում, որը քիչ թե շատ դիվանագիտական գործընթաց է, և դրա տապալումը Ձեզ հետ քննարկեցինք: Պատերազմի ավարտից հետո , երբ Ալիևն այցելեց իրենց կողմից զավթված շրջաններ, խոսեց այն մասին, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին ու նրան, այլ Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին, և Ձեր ու Ռոբերտ Քոչարյանի բանակին է հաղթել, այսինքն՝ դուք պարտվե՞լ եք, ձեր ստեղծած բանա՞կն է պարտվել:

 -Ալիևը, ես վստահ եմ, միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ, մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը պարտվել է ինձ, Ալիևը պարտվել է ինձ ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-ից 2018 թվականներին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել:
 

Նա գիտի՞, որ սա վերջնական հաղթանակ չէ իր համար:

-Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին, կապիտուլյացիայի է ենթարկվել ո՛չ հայկական բանակը, ո՛չ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր թիմից գաղտնի: Ալիևը ինչ-որ առումով ճիշտ է, այո, հայկական բանակի ստեղծման գործում և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ ես, բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ, սպաներ մեծ դերակատարում են ունեցել, կապիտուլյանտն ի՞նչ դերակատարում է ունեցել, մեկ օր էլ հայկական բանակում չի ծառայել: Այդ առումով գուցե Ալիևը ճիշտ է, բայց եթե Ալիևի տեսակետից մոտենանք, դա նշանակում է, որ այս կապիտուլյանտին հաղթել է Էլչիբեյը, անտրամաբանական է նրա ասածը:

-Պարո՛ն նախագահ, սպառազինության հարցը քննարկենք, այդ մասին շատ է խոսվում: Իշխանությունը շատ է խոսում այդ մասին: Երբ պատերազմը սկսվեց, այս իշխանությունը 2,5 տարի պաշտոնավարում էր և օբյեկտիվորեն չէր կարող սպառազինության մեծ ծավալներ ձեռք բերել, դրանք գործարկել, շահագործել, սպասարկել: Դուք ընդունո՞ւմ եք, որ Ձեր ժամանակ մենք կարող էինք շատ ավելի տեխնոլոգիական զենքերով սպառազինվել և ավելի պատրաստ լինել այս պատերազմին:

-Ոչ, ես դա չեմ կարող հերքել, որովհետև ինչքան շատ ունենայինք, այդքան լավ, բայց ես հերքում եմ այն տխմար թեզը, թե իբր մինչև 2018 թվականը մեր բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ և այլն, զինվորը ելակ չէր ուտում: Բա եթե մենք բանակ չունեինք, ապա ինչպես 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, կարելի է ասել, պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի, բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչինչ չունեինք, ինչո՞ւ մինչ 2016-ը, 2017-ին, 2018-ին Ադրբեջանը պատերազմ չէր սկսում: Դրանք իրականությանը չեն համապատասխանում, իրականությանը համապատասխանում է հետևյալը, որ մենք երբեք Ադրբեջանից շատ և ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել. սա իրականություն է: Ոչ 1992-94 թվականներին, ոչ 2016-ին, ոչ էլ 2020-ին, բայց առաջին երկու դեպքերում դա մեզ չի խանգարել հաղթել, որովհետև… չասեմ պատճառները: Որովհետև խնդրով զբաղվել են նվիրված, գիտակ մարդիկ, և մարդիկ, որոնք անմնացորդ նվիրված են եղել այդ գործին: