Լրահոս
Քաղաքական
17:51
20.01.25
340

Պատռել են Հայաստան-Արցախ միասնական քարտեզը, սխալ հիմն են երգել. սկանդալներ՝ Ազգային ժողովում

Սկանդալներով է սկսվել Հայաստանի Ազգային ժողովի՝ այս տարվա առաջին նստաշրջանը: Նախ օրհներգի մասին օրենքն են խախտել ՔՊ-ականները: Հնչել է հիմնի՝ ոչ օրենքով հաստատված, այլ իշխանականների խմբագրած տարբերակը, որը դեռ չի ընդունել խորհրդարանը: Ազգային ժողովի դահլիճում արդեն երկրորդ անգամ  է խախտվում հիմնի մասին օրենքը: Երկրորդ սկանդալի պատճառը Հայաստանի քարտեզն է դարձել: ՔՊ-ականները նիստերի դահլիճի պատին փակցրել են Հայաստանի այն քարտեզը, որի մակետը վարչապետն է առաջին անգամ ցույց տվել, հետո գովազդել ասուլիսների, մարզային այցերի ժամանակ: Այդ քարտեզի վրա Հայաստանն առանց Արցախ է: 

Մետաղե մակետն այսուհետև զարդարելու է Ազգային ժողովի նախագահի թիկունքը, որը տարիներ առաջ հայտարարում էր, թե Աղդամն իր հայրենիքն է: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է, իր խոսքով, աղդամցի Ալենին հիշեցրել նախկինում արած, հիմա ուրացած հայտարարությունների մասին: Մկրտչյանը Հայաստան-Արցախ միասնական քարտեզն է փակցրել նախագահության ամբիոնին: Ընդամենը 8,5 րոպե անց անվտանգության աշխատակիցները հեռացրել այդ քարտեզն ու պատռել: