Լրահոս
Հասարակական
19:28
23.02.22
203

Պատերազմի օրերին Հունաստանից եկած 5 տոննա օգնությունը դեռ մաքսատանն է

Img default alt hy

Մեկ շաբաթ է, ինչ ՀՅԴ Հունաստանի կառույցը հրապարակել է Հայ օգնության միության (ՀՕՄ) բողոք նամակը՝ ուղղված Հայաստանի ԱԳՆ-ին և ԱԻՆ-ին՝ կապված նրա հետ, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստան ուղարկված 5 տոննա օգնությունը դեռ «Զվարթնոց»-ի մաքսատանն է, և դեռ որևէ տեղեկություն չկա այդ օգնության ճակատագրից: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Հայ օգնության միության Հունաստանի Հայ կապույտ խաչի շրջանային վարչության ատենապետուհի Լիզա Ավագյանը:

Նա նկարագրել է, թե ինչպես է ամեն բան տեղի ունեցել՝  նշելով. 

«Պատերազմից անմիջապես հետո ինչպես Սփյուռքի բոլոր համայնքները, մենք ևս անմիջապես մեր ջանքերը ներդրեցինք, որ օգնություն ուղարկենք Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ինչպես նաև մեր զինվորներին, բանակին:

2021-ի հունվարին Հունաստանի պետության կողմից մեզ տրամադրված երկու օդանավերով 40 տոննա ապրանք էր: Դրանից 35 տոննան մարդասիրական օգնության հասցեատերը Հայաստանի Հայ օգնության խաչն էր, որը մեկ ամիս հետո միայն կարողացավ դուրս բերել ապրանքները մաքսատնից, որովհետև բավական մեծ գումար պետք եղավ վճարել, թեև դա մարդասիրական օգնություն էր:

Իսկ ահա մոտավորապես 5 տոննա ապրանքը, որը նախատեսված էր զինվորների ու բանակի համար՝ հենակներ, դեղորայք, սայլակներ, այրվածքի դեղեր, որոնք շատ թանկարժեք ապրանքներ էին, մինչ օրս մնացել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան պահեստում»:

Լիզա Ավագյանի խոսքով՝ իրենք մինչև վերջերս վստահ են եղել, որ ապրանքները հասել են բանակին, քանի որ գրավոր իրենց տեղեկացրել էին այդ մասին:

«Հանկարծ 2022-ի հունվարի 27-ին, «Զվարթնոցի» մաքսատնից գրավոր տեղեկացանք, որ այդ ապրանքները, որ հասցեագրված էին ԱԻՆ-ին, դեռևս պահեստում են, տեղ չեն հասել: Մենք շատ նեղվեցինք, որովհետև դրանք շատ թանկարժեք և այդ ժամանակ շատ կարևոր ապրանքներ էին, որոնք մենք դժվարությամբ կարողացել էինք ուղարկել:

Մենք տեղյակ պահեցինք Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին իրավիճակի մասին, փետրվարի 6-ին հանդիպեցինք նրան, հանձնեցինք մեր բողոքի նամակը: Մենք պահանջում էինք, որ այդքան ուշացումով ապրանքները հասնեն բանակին: Դեսպանն ինքն էլ շատ զարմացավ և վատ զգաց այս կացության համար: Դեսպանը խոստացավ հենց հաջորդ օրը զբաղվել այդ հարցով: Մոտավորապես մեկ շաբաթ սպասեցինք, դեսպանը մեզ հեռախոսով հայտնեց, որ ինքն էլ դեռ լուր չունի նախարարությունից:

Մենք նաև դեսպանին ասել էինք, որ եթե պատասխան չունենանք, մենք մեզ իրավունք ենք վերապահում հրապարակայնացնել այս ամենը: Երբ տեսանք, որ անելանելի իրավիճակում ենք, ապրանքներն էլ շարունակում են մնալ մաքսատան պահեստում, հրապարակեցինք մեր բողոքի նամակը»,-ասաց նա:

Լիզա Ավագյանը համոզված է, որ ԱԻՆ-ում շատ լավ տեղյակ են այս պատմության մասին, քանի որ ստորագրել էր, որ ստանալու է այդ ապրանքները. 

«Մենք մաքսատնից իմացանք, որ երեք անգամ պաշտոնյաներ են գնացել՝ քննելու այդ ապրանքները, սակայն որևէ քայլ չեն արել այդ ապրանքները մաքսատնից դուրս բերելու և զինվորներին հասցնելու համար»:

Հարցին, թե այստեղ ինքը դիտավորություն տեսնո՞ւմ է, Ավագյանը պատասխանել է. 

«Չենք ուզենա մեր հայրենիքի, պետության համար այդպիսի եզրահանգում անել, սակայն իրողությունները դրա օգտին են խոսում: Թող ժողովուրդն ինքը մեկնաբանի»:

Հայ օգնության միության Հունաստանի երկու միավորների ուղարկած մարդասիրական օգնությունը  շարունակում է մնալ «Զվարթնոց» օդանավակայնի պահեստում: Մարդասիրական օգնությունները Հայաստան են ուղարկվել պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերին և 2021-ի հունվարին: