Լրահոս
Քաղաքական
11:58
03.02.22
375

Փաշինյանը խոստովանում է, որ գրանցված աշխատատեղերի թվի աճը չի մեծացրել քաղաքացիների բարեկեցությունը

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 3-ին կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 659․471 աշխատատեղ, ինչն իր խոսքով բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում: 

«Այսինքն Հայաստանում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021 թվականի դեկտեմբերին: 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021 թվականին աշխատատեղերը ավելի են 37 հազար 629-ով, 2019 թվականի համեմատ՝ 30 հազար 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 հազար 977-ով»,- ասել է նա՝ վստահեցնելով, թե որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող:

Փաշինյանի խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ անուն-ազգանունով կարող են նույնականացնել:

Նիկոլ Փաշինյանը կարևոր արձանագրում է կատարել. «Էական աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձը. 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավելի է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ ավելի է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով:

2021 թվականի ընթացքում Հայաստանում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ, ինչը 2020-ի համեմատ ավելի է 15,7 միլիարդ դամով կամ 13 տոկոսով:

Ցածր վարձրատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով, խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը հայտնել է, որ կորոնավիրուսի ու պատերազմի ցնցումների պայմաններում միջին անվանական աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտ 55 հազար դրամի չափով, սակայն խոստովանել, որ գրանցված աշխատատեղերի թվի աճը չի մեծացրել քաղաքացիների բարեկեցությունը․ 

«Բայց, ցավոք, պիտի ընդգծեմ, որ մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021 թվականի ընթացքում մենք ունեցել ենք էական գնաճ, որը կազմում է 2021-ի դեկտեմբերին, 2020 թվականի համեմատ, 7․7 տոկոս. սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեում», - ասել է ՀՀ վարչապետը:

Նա նշել է, որ եթե իրենց հաջողվի ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ապա բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կլինի:

Փաշինյանի խոսքով՝ 2021 թվականի նախնական արդյունքներով՝ 5․8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր: