Լրահոս
Հասարակական
12:52
25.04.22
154

Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը․ Հրաչյա Սարգսյան

Img default alt hy

Չնախատեսված վայրում աղբի կուտակման վերաբերյալ բաժնի կողմից կազմվել է 8 վարչական իրավախախտման արձանագրություն և նույն փաստերի մասով ձևակերպվել վարչական տույժ նշանակելու 7 որոշում, կատարվել է վճարում 120,000 ՀՀ դրամի չափով։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է, թե աղբը չնախատեսված վայրում թափելու համար վարչական տույժի ենթարկվածները ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձինք են:

Քաղաքապետը դիմել է վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ հաստատել են, որ իրավաբանական անձինք են եղել աղբը չնախատեսված վայրում տեղադրելու համար վարչական տույժի ենթարկվածները: Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ ֆիզիկական անձանց չեն կարողանում տուգանել, քանի որ խնդիրը իդենտիֆիկացումն է:

Խորհրդակցությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցչից տեղեկանալով, որ վերջիններս ունեն պլանշետներ, որոնցով իդենտիֆիկացնում են ֆիզիկական անձանց՝ Երևանի քաղաքապետը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավո՞ր չէ մայրաքաղաքը կեղտոտող քաղաքացիներին էլ իդենտիֆիկացնել և պատժել:

Ոստիկանության պատասխանատուն հայտնել է, որ եթե վարչական շրջաններից դիմեն, ապա պարեկները կարող են մոտենալ և տեղում աղբ թափողին իդենտիֆիկացնել:

Արձանագրելով, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար որևէ ֆիզիկական անձի վարչական տույժի ենթարկելու ոչ մի դեպք չկա՝ Հրաչյա Սարգսյանն առաջարկել է առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ մեխանիզմն աշխատեցնելու համար:

Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ կազմակերպությունների կողմից աղբը թափելու համար 30 հազար դրամ տուգանքը շատ փոքր է, պետք է այն տասնապատկել, իսկ ավտոմեքենաների համար 5 հազար դրամը պետք է դարձնել 50 հազար դրամ:

«Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը, նայում են, մաքրում են, ասում են՝ մի աղտոտեք բնությունը: Ամոթ էր նայելը, թե ինչպես վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում և մենք շարունակում ենք կեղտոտել»,- եզրափակել է քաղաքապետը: