Լրահոս
Հասարակական
22:11
02.02.22
1 173

«Ուզեն` Բուդդայի արձանն էլ կդնեն, ինչ կա». Հիսուսի արձանը տեղադրելը մեր եկեղեցուն հարիր չէ

Img default alt hy

Արձանաշինությունը մեր եկեղեցուն հարիր չէ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծին։

Օրեր առաջ Ծառուկյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու մտադրություն ունի և նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։ Այս նախաձեռնությունը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել սոցցանցերում։

«Մեր եկեղեցուն հարիր չէ արձանաշինությունը, սակայն այս թեմայի առնչությամբ ավելի մանրամասն կտեղեկացնենք Մայր Աթոռի դիրքորոշումը»,- ասել է տեր Եսային։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ շեշտել է` արձանները մեր եկեղեցու ավանդությանը հարիր չեն, առավել ևս Քրիստոսի, Աստվածամոր արձանները տեղադրելը։

«Արձանաշինությունը կաթոլիկ եկեղեցուն է հարիր, այնտեղ տարածված է դա, բայց հայ եկեղեցու և հայկական ավանդության մեջ չկա նման բան, նույնիսկ մերժված է եղել դարեր շարունակ»,- ասել է սրբազանը։

Հարցին, թե նախաձեռնողների կողմից հոգևորականների հետ քննարկում եղե՞լ է` սրբազան հայրը պատասխանել է, թե չի կարծում, թե եղել է, քանի որ ինքն էլ տեղյակ կլիներ։ Նրա խոսքով` երկրում այս պահին շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան մեզ քրիստոնյա ձևացնելը։

Օրինակ, ըստ սրբազանի, հավատքի հարցում ավելի լավ է քրիստոնյա դառնալ, քան ձևանալ. գոնե այդ հարցում անելիքներ շատ ունենք։

«Կառավարությունն ասում է, որ իրենք են իրավասու արձանը կառուցելու առնչությամբ թույլտվություն տալու կամ չտալու հարցում` եկեղեցին իրավասություն չունի։ Է, հա, մարդն ինչ ուզում է կանի` ուզեն Բուդդայի արձանն էլ կդնեն, ի՞նչ է եղել։ Բայց, այ, Մուհամմեդի արձանը տեղադրել չեն համարձակվի»,- կատակով ասել է սրբազանը։

Նա հավելել է, որ արձանները մեզ չեն դարձնի քրիստոնյա, ընդհակառակը, արձանը կարող է «փոխարինել» Աստծուն, հեռացնել մեզ քրիստոնեությունից։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես կողմ չէ հայտարարված նախաձեռնությանը։ Նրա խոսքով` նման քանդակ տեղադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ շատ սրբատեղիներ, խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք նորոգման կարիք ունեն։

«Հիմա ցանկությունների և հնարավորությունների դար է, սակայն հասարակության կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել։ Բացի այդ,ես չեմ հիշում, որ մենք նման արձաններ տեղադրելու ավանդույթ ունենանք։ Եթե ամեն մեկս ցանկություն ունենանք մի քանդակ տեղադրել, ի՞նչ կլինի երկրի վիճակը։ Ի՞նչ է նշանակում` 200-250 նոր եկեղեցի կառուցես, եթե հազարավոր խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք ամեն մեկը մի գոհար է, դրանք մեր սկիզբն են»,-ասել է Մինասյանը։

Նա նշել է, որ, օրինակ, Բրազիլիայում տեղադրված արձանը տեղի հասարակության ցանկությունն է եղել, և դա հանգանակությունների միջոցով է կյանքի կոչվել։ Մինասյանը շեշտում է` ցանկալի կլինի, որ տեր կանգնես քո ունեցածին, և հետո միայն նոր եկեղեցի կառուցել։

Հարցին, թե քաղաքի ո՞ր հատվածում կարող է նման ահռելի քանդակ տեղադրվել` Մինասյանը պատասխանել է` մեր ռելիեֆը թույլ է տալիս, որ նման քանդակ ունենանք տարբեր տեղերում, սակայն դա անպայման պետք է քաղաքաշինական խորհրդում քննարկվի։ Ամեն դեպքում, ըստ նրա, եթե նման մրցույթ է լինում, առանց Ճարտարապետների միության կարծիքը հաշվի առնելու չեն անում, իսկ այս անգամ կարծիք չեն հարցրել։