Լրահոս
Հասարակական
10:06
09.05.22
516

Ոստիկանը հարվածել է «Առավոտի» ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրողի աշխատանքը

Img default alt hy

«Aravot.am»-ը գրում է․

«Շատ է խոսվել բողոքի գործողությունների մասնակից քաղաքացիների նկատմամբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Երբեմն նրանցից ոմանք քաշքշում են նաև ԱԺ պատգամավորներին: Քիչ չեն դեպքերը, երբ ջոկատայինները, ինչպես այս մեկը, փորձում են կոշտ մեթոդներով խոչընդոտել նաև լրագրողների աշխատանքը:

Այսպիսի գործողությունները խստորեն քննադատում են ՄԻՊ-ը, իրավապաշտպան կառույցները և լրագրողական կազմակերպությունները՝ արձանագրելով, որ  «բարեփոխված» ոստիկանությունը վատ ավանդույթներից չի հրաժարվում: Սևազգեստ այս մայորը մայիսի 6-ին «Հաղթանակ» կամրջի մոտ ցուցարարներին բերման ենթարկելու ակտիվ մասնակիցներից էր:

Նա  կամ գիտակցելով, որ անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, կամ ոգեշնչված, որ իրենից առաջ լրագրողների աշխատանքը խափանած իր որոշ ծառայակիցներ պատասխանատվության չեն ենթարկվել, տեսնելով, որ Aravot.am-ի լրագրողը, որի բեյջը պարզ երևում էր, ընդհանուր տեսարանի մեջ ֆիքսում է նաև իր գործողությունները, հարվածեց ֆոտոխցիկին՝ լրագրողին սպառնալով, որ իրեն չլուսանկարի:

Միջամտեցին ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանը և Գեղամ Նազարյանը՝ ոստիկանին  հիշեցնելով, որ նա չորրորդ իշխանության ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելու իրավունք չունի և որ ամեն բան ֆիքսվում է»: