Լրահոս
Քաղաքական
13:03
23.04.22
295

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսում. պետք է ակտիվ դիմակայենք ու հեռացնենք սրանց. Սոս Հակոբյան

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի կարճ ժամանակով «նորից թմրեցնել հասարակությանը»:

«Նիկոլ Փաշինյանը սովոր է ամենակարևոր, առանցքային, բախտորոշ հարցերում գնալ գաղտնի, ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների՝ դրանով իսկ զիջել կամ Հայաստանի տարածային ամբողջականության մի մասը կամ՝ Արցախի»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը:

Նա ասել է, թե Փաշինյանը տեսնում է, որ մարդկանց շրջանում դժգոհությունը մեծանում է,  ակցիաների մասնակցում են մարդիկ, որոնք, մինչ այս, դուրս չէին եկել փողոց ու անտարբեր էին։

«Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ կա բողոքի ալիքի էական էսկալացիա։ Մենք ասել ենք, որ ընդամենը երկու օրից ողջ Հանրապետությունում տարբեր ուժերի կողմից սկսելու է բողոքի գործողություններ։ Վստահ եմ՝ լինելու են հայտարարություններ, որ իրեն սխալ են հասկացել, իրականում Արցախը ոչ մեկին չի հանձնում, չեմ բացառում, որ սկսի խոսել Արցախի ինքնիշխանությունից, բայց նպատակ է ունենալու կարճ  ժամանակով նորից թմրեցնել հասարակությանը»,- նշել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը:

Ըստ Հակոբյանի՝  Փաշինյանը ստում է, երբ ասում է ԼՂ կարգավորման ոչ մի փաստաթուղթ չկա։

«Հերթական անգամ սուտ է խոսում։ Գիտենք Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքները, Փաշինյանն ու իր իշխանությունը հրապարակավ համաձայնություն են տվել դրանց։ Այդ 5 սկզբունքները նկարագրում են հիմնախնդրի լուծման եղանակը։ Համաձայն այդսկզբունքների՝ կարող է լինել մոտավորապես այսպիսի իրավիճակ՝ Արցախն ունի ինչ-որ իրավունքներ, որևէ ինքնուրույնություն կապված  ինքնության հետ, բայց՝ Ադրբեջանի կազմում, որովհետև 5 սկզբունքներն, Ադրբեջանի մեկնաբանմամբ, իր տարածքային ամբողջականության մասին է։ Մենք տեսանք, որ 2 օր առաջ  Իլհամ Ալիևը հայտարարեց՝ եթե չընդունվեն այդ 5 սկզբունքները,  խաղաղության պայմանագիր չի կարող լինել։ Այդ սկզբունքների շրջանակներում նա մեկնաբանում է  Արցախի  հարցի վերջնական փակումը»,- ընդգծել է Սոս Հակոբյանը:

Ըստ նրա՝ Փաշինյանը լղոզված հայտարարություններ է անում՝ ժամանակ շահելու համար, որպեսզի կարողանա ժողովրդին ասել՝ «ես ուրիշ բա՞ն եմ ասել»,  մինչև իր սև գործն անի։

«Մեր խնդիրն է դա թույլ չտալ, չխաբվել։ Պետք է ակտիվ դիմակայենք ու հեռացնենք սրանց, իսկապես հնարավորություն տանք մեր երկու հայկական պետություններին կայանալու, պահպանվելու և առաջ գնալու»,-հայտարարել է Սոս Հակոբյանը: