Լրահոս
Քաղաքական
14:35
23.04.22
182

Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր ավելի օր իշխանության ղեկին մնալը կործանարար է Հայաստանի ու Արցախի համար. Վանեցյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է անում լուրջ չընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության երեկվա նիստում արած հայտարարությունները:

«Լուրջ մի ընդունեք այդ հայտարարությունները, Փաշինյանը, տեսնելով երկրում սկսված այն շարժումը, որն ասում է՝  թույլ չենք տալու, որ  Փաշինյանը գնա միակողմանի զիջումների, թույլ չենք տալու, որ Արցախը հանձնվի թշնամուն, այդ հոտառությունն ունի, որ չի կարողանալու այս ալիքի դեմն առնել, դրա համար հիմա փորձում է որոշակի հայտարարություններով այդ ամենը կասեցնել, բայց չի կարողանալու, որովհետև հանրությունն արդեն ճանաչում է նրան, ու որևէ մեկը չի հավատում ու լուրջ չի ընդունում նրան»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վանեցյանը:

Ըստ նրա՝ Փաշինյանն այդպես էլ հստակ չձևակերպեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի տարածքներից «այսպես կոչված անկլավները» չեն հանձնվելու թշնամուն, այլ խոսեց ինչ-որ պայմանական բառակապակցություններով, որ շեղի մարդկանց:

ԱԱԾ նախկին տնօրենն ասել է, թե քաղաքացիներն արդեն դուրս են եկել փողոց, մարդիկ օր օրի շատանում են Ազատության հրապարակում:

Արթուր Վանեցյանը վստահ է՝ մարդկանց մոտ փոխվել է գիտակցությունը, մարդկանց մոտ գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է կառավարի, քանի որ նրա յուրաքանչյուր ավելի օր իշխանության ղեկին մնալը, ըստ ընդդիմադիր, գործչի, կործանարար է Հայաստանի  ու Արցախի համար:

«Կա մի խնդիր՝ քաղաքականապես այդ ամենը ձևակերպել, բայց դրա արդյունքին հասնելու համար էլ պետք է կարողանանք հանրությանը բացատրենք, որ սա իշխանության կռիվ չէ, անձերի կռիվ չէ, այլ՝  գաղափարի կռիվ է ՝ հանուն հայրենիքի»,- ընդգծել է նա: