Լրահոս
Քաղաքական
17:50
25.04.22
442

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում, մենք կանգնելու ենք ավելի լայնամասշտաբ պատերազմի առջև. Ագնեսա Խամոյան

Img default alt hy

«PressTime.am»-ը զրուցել է ՀՀ ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ։

«Ես շատ ուղիղ կպատասխանեմ Ձեր հարցադրմանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, մենք կանգնելու ենք նոր պատերազմի առաջ։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալը հավասարազոր է նոր պատերազմի և նոր անկայունությունների»,-ասաց Խամոյանը։

Խամոյանն ասում է, որ Փաշինյանը խորհրդարանական վերջին  ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ինքը գալիս է և բերելու է խաղաղություն, բայց տեսանք ճիշտ հակառակը։

«Իր գալով մենք ունեցանք տարածքային նոր կորուստներ, ունեցանք նոր զոհեր, դեռևս չեն վերադարձել մեր գերիները, և լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած ոչ միայն Արցախը, այլև՝ ՀՀ-ն։

Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է հոխորտում թշնամին և ամեն օր տեսնում ենք, թե այդ պայմաններում ինչպես է խաղաղություն մուրում Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում ստանում ենք նոր անկայունություն, նոր պատերազմի ռիսկ, նոր զոհեր և տարածքային նոր կորուստներ։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու դեպքում, մենք կանգնելու ենք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմի առջև»,-նշեց նա։

Պատգամավորի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե ինչ նկատի ունի Թորոսյանը, երբ ասում է, որ Հայաստանն ու Արցախը միայն խաղաղության ժամանակ կարող են հայկական մնալ։

«Այս իշխանությունը՝ իրենց քաղաքական ղեկավարի, քաղաքական հոր գլխավորությամբ Արցախի վերաբերյալ շատ տարատեսակ, իրար հակասող հայտարարություններ են արել։

Սկսած նրանից, որ 2019 թվականին «Արցախը Հայաստան էր և վերջ», ավարտած նրանով, որ 2021 թվականին «Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»։

Այս տարաբնույթ հայտարարությունները փաստում են այն մասին, որ այս իշխանությունները որևէ սկզբունք չունեն։ Ունեն մեկ սրբություն՝ ամեն գնով իշխանության մնալ»,-ասաց Խամոյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն, որ Ալիևը Փաշինյանին է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ, իսկ Փաշինյանի թիմն՝ ընդդիմությանը, Խամոյանը պատասխանեց․ «Ես, իհարկե, ցանկություն չունեմ մեկնաբանելու Իլհամ Ալիևի խոսքերը, բայց մեկ բան չնշել չեմ կարող։ Դուք հիշում եք՝ երբ Արցախի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, այդ ժամանակ ամբողջ ընդդիմադիր դաշտը, իրական ընդդիմադիր դաշտը, (խոսքս, կոֆե խմող և հետո հայտարարող, որ Արցախի հարցում անհանգստանալու որևէ բան չկա, ընդդիմության մասին չէ) և հասարակական շրջանակները, նաև լրատվական դաշտն ահազանգում էր, որ սա բանակցային պրոցեսի վրա վատ անդրադարձ է ունենալու։

Շատ կարճ ժամանակ անց համանախագահող երկրների արտգործնախարարները, այդ թվում՝ Սերգեյ Լավրովը, մեղադրեցին հայկական կողմին ոչ կառուցողական լինելու մեջ»,-ասաց Խամոյանը։

Պատգամավորի խոսքերով, այդ պահից այլևս ակնհայտ էր, որ բանակցությունները մտել են շատ վտանգավոր փուլ։․ «Մինչ այդ էլ էր հանրությունից թաքցվում, թե բանակցային պրոցեսում ինչպիսի գործընթացներ են գնում։

Դրանից հետո իշխանություններն ավելի ամուր փակեցին բանակցային պրոցեսի դռներն ու հանրությունից թաքցնում էին, թե ինչ գործընթացներ են տանում։ Դեռ այդ ժամանակ, այդ թվում նաև ես՝ որպես լրագրող, նաև իմ գործընկերներն ու քաղաքական դաշտի ակտիվ դերակատարները բազմիցս ահազանգել ենք, որ սա վատ տեղ է տանելու։

Ես չեմ ուզում հիմա մեկնաբանելով հաստատել Իլհամ Ալիևի խոսքերը, ամենևին նման ցանկություն չունեմ, դա Նիկոլ Փաշինյանի գործն է, ինքն է սիրում մեկնաբանել և որակումներ տալ՝ իհարկե կիրթ և կառուցողական։

Կարող եմ ասել, որ իսկապես մենք այս իշխանությունների օրոք՝ սկած 2018 թվականից, մտել ենք բարդ պրոցեսների մեջ Արցախի և բանակցությունների հարցում, ցավոք դրա արձանագրումը եղավ սեպտեմբերի 27-ի պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա»,-եզրափակեց Ագնեսա Խամոյանը։