Լրահոս

2022-01-05
  • Հայաստան
    Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին Տիգրանյան փողոցում կատարված կողոպուտը
    Անցած տարվա դեկտեմբերի 29-ին, երեկոյան ժամի, Արաբկիր վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել։ Տուժողը Արաբկիրի Մամիկոնյանց փողոցում բնակվող 60-ամյա կին էր։ Նա Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում գնումներ էր կատարել ու քայլել Տիգրանյան փողոցի ուղղությամբ։ Արդեն Տիգրանյան 4 շենքի մոտ անհայտ մեկը բացահայտ հափշտակել էր դրամապանակն ու փախել։ Ըստ նրա՝ դրամապանակում եղել էին բանկային քարտեր, փող ու փաստաթղթեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ կողոպուտի հատկանիշներով։ Հանցագործության բացահայտման միջոցառումները ձեռնարկեցին Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։ Նրանց համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ կնոջը կողոպտած անձը նրան հետևել է սուպերմարկետում, ապա տուժողի հետևից քայլել Տիգրանյան փողոց, որտեղ էլ հարմար պահի հափշտակել դրամապանակը։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին. անհրաժեշտ էր պարզել նաև կասկածվողի ինքնությունն ու բնակության վայրը։ Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։ Հունվարի 4-ին Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Քանաքեռում բնակվող 59-ամյա տղամարդուն ու բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ Միջոցառումները շարունակվում են գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    22:00
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ
    ՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ին է -հաղորդել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Ղազախստանում մի քանի օր շարունակ մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են հունվարի 2-ին նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Վերջին տեղեկություններով՝ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:
    21:54
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիում ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը. ՏԱՍՍ
    Ալմաթիում ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ականատեսներին: «Մի քանի տասնյակ մարդ ներխուժել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի շենք եւ ամբողջությամբ գրավել այն»,-ասել է ականատեսը: Նրա խոսքով՝ Կոմիտեի դեպարտամենտի շենքը գրոհել են զանգվածային անկարգությունների ավելի քան 100 մասնակիցներ, որոնք զինված են եղել մետաղական ձողերով ու քարերը: Գրոհի ժամանակ շենքին զգալի նյութական վնաս է հասցվել:
    21:48
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սյունիքի ոստիկանները մեքենաներից գողություններ կատարող խումբ են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է
    Ոստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից գողություններ կատարող խումբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «Հունվարի լույս 2-ի գիշերը, տարբեր ժամերի, Կապանում մի քանի գողություն էր կատարվել։ Թիրախում ավտոմեքենաներ էին։ Վաղ առավոտյան տուժողներից 2-ը, որոնք նույն շենքի բնակիչներ են, ահազանգեցին բաժին. նրանց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից տարբեր մասեր էին գողացել, այդ թվում՝ լուսարձակներ։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, գողությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ միջոցառումների շնորհիվ Կապանի բաժնում փաստական տվյալներ ստացվեցին գողությունները կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Շուտով հայտնի դարձավ նաև, որ նրանք «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով են ու գտնվում են Ագարակ քաղաքում։ Մեքենայում էլ իրեղեն ապացույցներ կան։ Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կասկածվողներին հայտնաբերեցին Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Մեղրիի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր մեքենաներից գողացված լուսարձակներ, հայելիներ, այլ մասեր, ինչպես և գործիքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գողությունների ժամանակ օգտագործվել են։ Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեցին նաև այլ մեքենաներից գողացված տարբեր մասեր, որոնք լցված էին մեծ պայուսակների մեջ։ Կապանի և Մեղրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակեցին՝ պարզելով, որ Երևանի բնակիչներ 28, 39 և 40-ամյա բնակիչները, որոնցից ավագը Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր, տարբեր մակնիշի մեքենաներից էլի են գողություններ արել ոչ միայն Կապանում, այլև Գորիսում և Ագարակում։ Միջոցառումները շարունակվում են տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:46
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Շիրակն ունի նոր մարզպետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ: Այդ մասին նշված է վարչապետի 2022 թ. հունվարի 5-ի 16 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
    21:45
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանի ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն
    Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում են ականատեսները, Ալմաթիում ցուցարարները գրավել են Ազգային անվտանգության կոմիտեի տեղական վարչության շենքը: Ավելի վաղ ցուցարարները նախկին մայրաքաղաք Ալմաթիում գրավել էին նաև նախագահի նախկին նստավայրը, Ալմաթի քաղաքի վարչակազմի շենքը և հրդեհել «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-19-ը երկշաբաթյա արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի և Ալմաթիի մարզերում և պարետային ժամ՝ ամեն օր 23:00-ից մինչև 07:00-ն:
    21:42
    05.01.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանիցները Շուշիում մզկիթ են կառուցելու
    Ադրբեջանի իշխանությունները Շուշիում ապամոնտաժելու են 6 հինգհարկանի շենք, ու դրանց տեղում մզկիթ են կառուցելու: Ադրբեջանի նախագահ Ալիևը այս մասին հրամանագիր է ստորագրել:
    21:37
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երեխաներին կոչ եմ անում տներում արգելել ծնողներին օգտագործել ծխախոտ. Փաշինյան
    Այս տարի Ամանորին ու Սուրբ Ծնունդին ընդամենը երեք օր էր ոչ աշխատանքային: Վարչապետն արդարացված է համարում ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատումը: Ասում է՝ աշխատող քաղաքացիները 20-օրյա արձակուրդ ունեն, տարվա ընթացքում էլ 12 ոչ աշխատանքային օր կա:
    21:36
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՏԻՄ ընտրություններում պարտված Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդիի ղեկավարի պաշտոնակատար
    Փաշինյանի որոշմամբ Վեդիի ՏԻՄ ընտրություններում պարտված Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդիի ղեկավարի պաշտոնակատար: Արարատի նախկին մարզպետը նոր պաշտոնից առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի աթոռն էր զբաղեցնում:
    21:31
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գերությունից վերադարձած ու կալանավորված զինծառայողը կարող է հաշմանդամ դառնալ. ահազանգում է փաստաբանը
    Ադրբեջանական գերությունից վերադարձած Արեն Արամյանի փաստաբանը պնդում է, որ առնվազն երկու շաբաթ է՝ ահազանգում է 28-ամյա նախկին ռազմագերու հիվանդության մասին, որը կալանավայրում անհնար է բուժել: Ըստ փաստաբանի, նա հրազենային վնասվածքի պատճառով, ոտքը չի կարողանում գետնին դնել և ամբողջ կյանքում կարող է հաշմանդամ մնալ:
    21:17
    05.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
    Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է հրամանագիրը:
    21:15
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» հեռուստաընկերության մասնաճյուղը
    Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Միր 24» հեռուստաընկերությանը:
    20:47
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Նազարբաևի արձանը տապալել են
    Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները հանել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արձանը Թալդիկորգան քաղաքում, Ալմաթիի մարզի վարչական կենտրոնում, որի արձանը կոտրվել է կիսով չափ և ընկել պատվանդանից։ Այս մասին հաղորդում է տեղական KazTAG պորտալը: Քանդված հուշարձանի լուսանկարը հրապարակվել է պորտալի Telegram-ալիքում:
    20:31
    05.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ձախողումները ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ հունիսի 20-ի հետևանք են․ Արմեն Աշոտյան
    «Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մեր հիմնական սպառնալիքը ո‘չ Թուրքիան է, ո’չ Ադրբեջանը, ո‘չ գեոպոլիտիկ տեկտոնիկ լարվածությունը, մեր հիմնական սպառնալիքը այն է, որ մեզ այս փոթորկալից, շատ վտանգավոր ժամանակներում շարունակում է ներկայացնել այն անձնավորությունը, որը նախորդ երկուսուկես տարիների ընթացքում գործեց բոլոր հնարավոր սխալները և հայկական երկու պետություններից թողեց այս հաշմված տարածքը։ Արտաքին քաղաքականության պատասխանատուն մնացել է այն մարդը, ում արտաքին ձախողված քաղաքականությունը բերեց 44-օրյա արյունալի պատերազմը։ Նիկոլ Փաշինյանն է թիվ մեկ սպառնալիքը արտաքին քաղաքականության բնագավառում»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2021թ-ին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի հիմնական ձախողումներին և սպառնալիքներին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մինչև 2018թ -ի ապրիլը արտաքին քաղաքականությունը ծառայել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրի ամրապնդմանը, 2018թ-ի մայիսի 8-ից, երբ իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, արտաքին քաղաքականությունը փոխեց իր վեկտորը և փոխանակ ամրապնդեր մեր անվտանգային միջավայրը, սկսեց արագ նպաստել այդ միջավայրի քայքայմանը։ Այդ դրսևորումները մենք տեսանք ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, տեսանք, թե ինչպես եղավ Արցախյան բանակցությունների դիտավորյալ տապալումը և պատերազմի համար Ալիևին հիմնավորումներ տալը, Հայոց ցեղասպանության խնդրի ուրացումը միջազգային հարթակներում, որը սկսվել էր դեռ մինչև 44-օրյա պատերազմը»,- ասել է Աշոտյանը։ Վերջինիս կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալներից մեկն այն էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր այցեքարտը դարձրել էր ժողովրդավարությունը, ինչպես հայտարարել էր 2019թ-ի դեսպանահավաքի ժամանակ։ «Նախ մի կողմ դնենք այն, որ 2018թ-ից հետո Հայաստանում չի եղել ժողովրդավարություն, ոչ մի խելամիտ մարդ չի կարող մտածել, որ անգամ ժողովրդավարության դեպքում հնարավոր էր ապահովել մեր երկու պետությունների շուրջ անվտանգային միջավայրը։ Նիկոլի դիտավորյալ ձախողված արտաքին քաղաքականությունը ունի բազմաթիվ դրսևորումներ, որոնցից մեկը ԱԳՆ-ում կադրային փոփոխություններն են։ Նախարարությունում եղան մարդիկ, ովքեր չուզենալով կիսել այդ խայտառակ իրավիճակի պատասխանատվությունը, դուրս եկան։ Իհարկե նրանցից սպասելիքները ավելի շատ էին բացահայտելու համար, թե ինչպիսի կեղտոտ խաղեր է խաղացել Նիկոլը ԱԳՆ-ի միջոցով մինչև 44-օրյա պատերազմը, իսկ այդ կեղտոտ խաղերը շատ տեսանելի են եղել թե‘ Զոհրաբ Մնացականյանի ժամանակ, թե‘ Արա Այվազյանի ժամանակ։ Այսօրվա ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի ելուստն է, նրա օրգանական շարունակությունը։ Նախարարի փոփոխությունը, հայ-թուրքական բանակցություններում բանագնացի ընտրությունը երկրորդական բաներ են։ Ինչ կապ ունի ով է բանագնացը կամ արտգործնախարարը, եթե մինչև հիմա ամբողջ կեղտոտ խաղը Նիկոլ Փաշինյանի մտքում և ձեռքերում է»։ Առանձնացնելով արտաքին քաղաքական հիմնական ձախողումները և անդրադառնալով այն հարցին, թե պատերազմից հետո ինչ հիմնական առաջնահերթություններ կային, որ պետք է արվեր արտաքին բնագավառում, բայց չի արվել՝ Աշոտյանը թվարկել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կատարվել է ամեն ինչ, բացի 8-րդ կետից` ռազմագերիների փոխանակումը։ Նույն հայտարարության 9-րդ կետը կապված ապաշրջափակման գործընթացների հետ, նույնպես ձախողում է, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների փաթաթումը մեր վզին ևս ձախողումների շարքից է, իսկ Արցախյան բանակցություններում Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ հիմնարար սկզբունքների մասին խոսել են 2021թ-ի ապրիլին»։ Աշոտյանն ընդգծել է, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը համեմատաբար ավելի լավ վիճակում էր, քան այսօր։ «Այն ժամանակ Եվրոպական միությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է հիմքում լինեն հիմնարար սկզբունքները, այդ թվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդպիսի հայտարարություն արեցին Մինսկի խմբի համանախագահները։ Այսօր ո՞վ է գերտերություններից, միջազգային խոշոր ինստիտուտներից և դերակատարներից խոսում դրա մասին, ոչ ոք։ Նիկոլի վերջին խաղը Արցախը ամբողջությամբ ռուսների և Ադրբեջանի հույսին թողնելն էր և դրա ապացույցը այն է, որ նա մանիպուլյացիաներով վարկաբեկում է նախկին բանակցային գործընթացը և պրոադրբեջանական հայտարարություններ անում։ Ձախողումների հաջորդ կետը հետևյալն է ` հաջողվե՞լ է վերականգնել արժանապատիվ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, իհարկե չի հաջողվել, մեզ չի հաջողվել նաև Արևմուտքի կան Եվրոպական կառույցների հետ ձևավորել օրակարգ, որով կարելի էր հավասարակշռել տարբեր աշխարհագրական շահեր։ Հայկական դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումը սահմամերձ գյուղերից մեկի բնակչի 105 ոչխարի վերադարձն է եղել։ Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդ անդամ դարձնելու գործընթացի մեկնարկին Հայաստանը որևէ կերպ պատրաստվո՞ւմ է սակարկել սեփական դիրքերը ի օգուտ մեր ազգային շահի, ակնհայտ է, որ ոչ։ Ժողովրդավարության ֆորումին գնալ մասնակցել և Ադրբեջանին ու Թուրքիային որևէ մեղադրանք չուղղելը ևս ձախողում է։ Հայաստանը չի օգտագործել իր միջազգային գործիքակազմը պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու և Ադրբեջանին պատժելու համար։ Ռազմագերիների իրավունքները պաշտպանելու փոխարեն ԱԺ-ում ծաղրել են օմբուդսմենի զեկույցը և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա հերթական կեղտաջուրն է լցրել։ Հայաստանի այս մեկ տարվա արտաքին քաղաքականության ձախումների վերաբերյալ կարելի է դոկտորական պաշտպանել»։ Արմեն Աշոտյանը ընդգծել է` այս ձախողումները ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ հունիսի 20-ի հետևանք են։ «Նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի լավ դիրքեր ունեինք, և եթե ժողովրդի անվան տակ չընտրվեր ժողովրդի գլուխը կերած վարչապետը, ապա մենք ավելի մեծ հեռանկարներ կունենայինք։ Ամեն պահի, երբ ստացվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, հնարավորություն կլինի ավելի լավ արտաքին անվտանգ միջավայր ունենալու»։
    20:28
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Չեղարկվել է Ղազախական Ակտաուից Երևան նախատեսված թռիչքը
    Հունվարի 6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է. «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում է հրապարակվել ինֆորմացիան։ Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 18:20-ին։ Ի դեպ, նույն օրը ժամը 00:10-ին Ակտաուից Երևան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի ՀՀ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն նույնպես կչեղարկվի։ Միջազգային ավիաընկերությունները նույնպես չեղարկում են իրենց թռիչքները դեպի Ղազախստան։
    20:20
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը հայտնի է
    Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին: 2020թ․ ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը ընդգծել էր՝ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հանդիպումները կարող են կայանալ ինչպես Երևանում, այնպես էլ Անկարայում:
    20:20
    05.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքմենական գազն Ադրբեջան կմատակարարվի Իրանի տարածքով
    Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում սկսվել է թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան Իրանի տարածքով: «Համաձայնագրի շրջանակում սկսվել է իրանա-ադրբեջանական սահմանով գազի մատակարարումը, որն իրականացվելու է երկու ուղղությամբ․ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ մատակարարումն արդեն սկսվել է և Աստարա, որն Իրանի սահմանի մոտ է»,- ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։ Գազի ընդհանուր ծավալը երկու ուղղությամբ օրական 4 միլիարդ խորանարդ մետրից ավելի կլինի։
    19:32
    05.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում ինտերնետն ամբողջությամբ անջատված է
    Ինտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է: Այդ մասին են վկայում ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները: Մոնիթորինգային ընկերությունը Թվիթերում հաստատել է, որ բջջային ինտերնետի աշխատանքի մեկօրյա խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի համազգային մակարդակի անջատման վիճակում: Ղազախստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Նա նաև ստանձնել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները՝ հայտարարելով, որ շարունակելու է հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:
    19:25
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման գործողություններ են իրականացվել
    Այսօր՝ հունվարի 5-ին, N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Զինծառայողները պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ են իրականացրել։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։
    19:14
    05.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Գյումրիում հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կայանված մեքենաների հրդեհը
    Գյումրու «Վարդանանց» հրապարակում գլխավոր տոնածառի հարևանությամբ հունվարի 5-ին ամբողջովին այրվել է մեկ մարդատար մեքենա, երկրորդն այրվել է մասամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը դեպքի մասին ահազանգը ստացել է 18:08-ին: 18:10-ին դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ՝ թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Այս պահին հրշեջները մարում են հրդեհը:
    19:06
    05.01.22
    Ավելին