Լրահոս

2022-03-09
  • Img default alt hy
    Միջազգային
    Միջանցքների հարցում Կիևի պահանջներն աբսուրդ են․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել
    Հումանիտար միջանցքների վերաբերյալ Կիևի անհեթեթ պահանջները ցույց տվեցին, որ ուկրաինական կողմից դրանց համաձայնեցման համար պատասխանատուները չեն տիրապետում իրադրությանը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Նա նշել է, որ ՌԴ-ն մարդասիրական նպատակներով հանդես է եկել «պաշտոնական Կիևին» ուղղված հերթական նախաձեռնությամբ՝ 10 հումանիտար միջանցք բացելու և Կիևից, Չերնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակչությանն ու օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու համար: Մասնավորապես առաջարկվել է յուրաքանչյուր քաղաքից դեպի Ռուսաստան տանող մեկական մարդասիրական միջանցք բացել, ինչպես նաև Կիևի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներով՝ մեկական միջանցք դեպի Լեհաստան, Մոլդովա և Ռումինիա։ Գեներալը պարզաբանել է, որ գիշերվա ժամը 2-ին Ուկրաինայից պաշտոնական պատասխան է եկել, որում ՌԴ տարածք տարհանելու համար առաջարկված երթուղիները կտրականապես մերժվել են: Ընդամենը երեք երթուղի է համաձայնեցվել․ մեկը՝ Կիևի ուղղությամբ դեպի հարավ, ինչպես նաև Սումիից Պոլտավա և Մարիուպոլից Զապորոժիե։ Բայց նաև երեք լրացուցիչ միջանցք է առաջարկվել՝ Էներգոդար քաղաքից դեպի Զապորոժիե, Վոլնովախայից դեպի Պոկրովսկ, Իզիում քաղաքից դեպի Լոզովայա։ «Բացի այդ, ուկրաինական կողմից աբսուրդ և ակնհայտորեն անիրագործելի պահանջներ են առաջ քաշվել` երթուղիներից մեկում իրականացնել պարտադիր ականազերծում, ընդ որում ՝ ազգայնականների կողմից տեղադրված ականային պայթուցիկ սարքերի, իսկ մյուսում՝ վերականգնել նահանջի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված ավտոմոբիլային կամուրջը։ Այդ պահանջներն անհեթեթ են նաև այն պատճառով, որ երկու երթուղիներն էլ անցնում են ազգայնական գումարտակների վերահսկողության տակ գտնվող տարածքներով»,- պարզաբանել է Միզինցևը։ Ինչպես նշել է գեներալը, հաշվի առնելով ՌԴ-ի պատասխանատվությունը հումանիտար բաղադրիչի և խաղաղ բնակիչների ու օտարերկրյա քաղաքացիների ելքի անվտանգության ապահովման համար, որոնց ազգայնականները բռնի կերպով պահում են շրջափակված բնակավայրերում, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը համաձայնել է նաև ուկրաինական կողմի առաջարկած լրացուցիչ երթուղիներին: Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման էին հասել քաղաքացիների տարհանման, մթերքի և դեղորայքի մատակարարման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ, սակայն մարդասիրական միջանցքները լիարժեք չեն գործել։
    21:21
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մահացել է խոզի սրտով պատվաստված աշխարհում առաջին մարդը
    Մարտի 8-ին ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Բենեթը՝ աշխարհում առաջին մարդը, ում կենդանու (խոզի) սիրտ էին պատվաստել։ Ինչպես հայտնում է New York Times-ը, մահվան պատճառը դեռ հայտնի չէ, այն պարզ կլինի միայն դիահերձումից հետո։ Բենեթը, ով տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, համաձայնել էր փորձարարական բուժման` փոխպատվաստման հերթացուցակում տեղ չգտնելուց հետո: Երկու ամիս առաջ կատարված վիրահատությունը բարեհաջող էր ացել։ Բժիշկների պնդմամբ տղամարդը հետվիրահատական ֆիզիոթերապիա էր անցնում, ժամանակ անցկացնում ընտանիքի հետ, անգամ` SuperBowl սպորտային շոու դիտում։ Սակայն մահվանը նախորդած վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել էր վատանալ։ «Հուսով ենք, որ այս պատմությունը կարող է լինել հույսի սկիզբը, ոչ թե ավարտը», - սոցկայքի իր էջում գրել է հիվանդի որդին՝ Դեյվիդ Բենեթ կրտսերը։
    21:17
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Լուկաշենկոյի ուղերձը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում։ «Վստահ եմ, որ պետական բարձր պաշտոնում Դուք կնպաստեք տարբեր ոլորտներում Բելառուսի և Հայաստանի համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը», - ասված է շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն Խաչատրյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պատասխանատու և կարևոր գործունեության մեջ՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների:
    21:14
    09.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ռազմական գործողությունները թաղամասերում են, հասկանո՞ւմ եք». պատերազմից հրաշքով փրկվածները
    Վաղ առավոտից Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել, որպեսզի Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչները կարողանան մարդասիրական միջանցքով դուրս գալ: Նախորդ օրը՝ Ուկրաինայի հաստատած միակ՝ Սումի-Պոլտավա ուղղությամբ 5 հազար մարդ էր դուրս եկել ռազմական գործողությունների գոտուց: Դոնեցկի ազգային միլիցիայի ներկակայցուցիչը հայտնել է, թե մարդասիրական միջանցքները չեն գործում: Մարդիկ Մարիուպոլիս հեռանում են՝ ով ինչպես կարող է:
    21:14
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ազգությամբ ադրբեջանցին ապրում է Սուրենավան գյուղում, հողատարածքներ է ձեռք բերել, բիզնեսներ հիմնել». «Փաստինֆո»
    Արաբ ներկայացող Թայսունը (անձնագրային անունը Հայթամ Դամրայի (Haitham Damra), որն իրականում տեղի բնակիչների կասկածներով, իրականում ադրբեջանցի է, արդեն տևական ժամանակ է ապրում է ՀՀ Արարատի մարզի Սուրենավան գյուղում, մասնակցում է գյուղի ներքին կյանքին՝ հուղարկավորություններին ու խնջույքներին, Սուրենավանում հողատարածքներ է գնել, բիզնեսներ է հիմնել այստեղ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչը՝ իր նկատմամբ հնարավոր ճնշումներից անհանգստանալով, չցանկացավ ներկայանալ։ Նրա փոխանցմամբ՝ իրենց գյուղում, արդեն տևական ժամանակ է, ինչ կասկածելի ազգային պատկանելությամբ հյուր ունեն։ Համայնքի բնակիչն ահազանգում է՝ թեև անձնագրային տվյալներով իրենց հյուրընկալած անհասկանալի անձն, իսկապես, արաբական երկրի գրանցում ունի, սակայն, գրեթե անհնար է համարում, որ վերջինս արաբ լինի, որովհետև գյուղացիների հետ շփվում է ընդգծված կովկասցու ռուսերենով, որին, արաբներն, ամենայն հավանականությամբ, չեն տիրապետում: «Մարդն իրեն այստեղ լավ է զգում, ասում է, որ հողատարածքներ է գնել, ծիրանի այգի և ֆերմա է ուզում բացել։ Խոսում է վարժ ռուսերենով, սակայն ընդգծված կովկասցու ակցենտով։ Այդպես կարող է խոսել միայն հայը, վրացին կամ ադրբեջանցին, բայց երևի՝ ոչ արաբը»,- նշում է Սուրենավանի բնակիչը։ Ըստ նրա՝ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել նաև Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատի շուրջ.«Ասում են՝ ինչ – որ վրացու միջոցով կոմբինատը վաճառել են ադրբեջանցիներին, իսկ գործարքի մեջ շրջանառվում է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը։ Մի քանի օր առաջ էլ նրա եղբայրն էր այստեղ՝ գործարանի հետ կապված ինչ - որ հարցեր էին քննարկվում»,- պատմում է Սուրենավանի բնակիչը։ Հիշեցնենք, որ «Փաստինֆո» լրատվականին ահազանգ էր հնչել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Սուրենավան համայնքում արաբ ներկայացող, սակայն, ամենայն հավանականությամբ, ազգությամբ ադրբեջանցի անձինք տներ և հողատարածքներ են ձեռք բերել։ Խոսվում էր նաև համայնքում գտնվող նավթավերամշակման կոմբինատի կասկածելի վաճառքի մասին, որի նոր սեփականատերերը, ըստ շրջանառվող լուրերի, կրկին ադրբեջանից են։ «Փաստինֆո» լրատվականը կապ էր հաստատել Սուրենավան համայնքի նորանշանակ ղեկավար Անի Վարդազարյանի հետ, ով ազգությամբ ադրբեջանցիների կողմից տների ձեռքբերման մասին լուրերը հերքել էր, իսկ նավթավերամշակման կոմբինատի վաճառքի վերաբերյալ հարցն անպատասխան թողնելով՝ ընդհատել էր հեռախոսազրույցն ու անջատել հեռախոսը։
    21:06
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքերը գնե՞լ են Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը. «Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել
    «Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքում որպես արաբական երկրի քաղաքացի հանդիսացող անձինք, որոնք իրականում թուրք ու ադրբեջանցի են, տներ և հողատարածքներ են գնել, բացի այդ՝ սեփականաշնորհել Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատը։ Տեղեկությունը ճշտելու համար, լրատվականը կապ հաստատեց համայնքի նորանշանակ ղեկավար Անի Վարդազարյանի հետ, որը հերքեց ադրբեջանցիների կողմից տներ ձեռք բերելու մասին տեղի բնակիչներից մեզ հասած տեղեկությունները, սակայն լսելով հաջորդ հարցը՝ ադրբեջանցու կողմից տեղի՝ նավթավերամշակման կոմբինատը սեփականաշնորհելու մասին՝ շտապեց անջատել հեռախոսն ու «անհասանելի» դարձավ լրագրողի զանգերին։ Ճշտելու համար լրատվամիջոցին հասած տեղեկությունների իսկությունը, «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատի աշխատակից Լադիկ Սարգսյանի հետ, ով վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցարզույցի ընթացքում հայտարարել էր, թե չի պատրաստվում աշխատել թուրքերի հետ՝ ակնարկելով, թե տեղի նավթավերամշակման կոմբինատը նոր սեփականատեր ունի, որն, ըստ իրեն հասած տեղեկությունների համաձայն, թուրքերն են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում կոմբինատի աշխատակիցը պատմում է՝ ունի տեղեկություններ, որ Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը վերջերս վաճառվել է վրաստանցի ինչ - որ մարդկանց, սակայն հավելում՝ համայնքում խոսակցություններ կան, որ իրական սեփականատերն Ադրբեջանից է, և այդ լուրերն են պատճառը, որ ինքը վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե չի աշխատելու թուրքերի հետ։
    20:56
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը մասնակցել է Միրզոյանը
    Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի մեկնարկին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված հարյուրամյակների պատմություն ունեցող ավանդական կապերը կարևոր հիմք են հանդիսացել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած 30-ամյա հայ-ֆրանսիական հարուստ օրակարգին՝ առկա են համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ, մասնավորապես՝ տնտեսական, ենթակառուցվածքների, կրթական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում: Շեշտվել է, որ առկա է երկուստեք վճռականություն՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ոգով ընդլայնելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը՝ այն համահունչ դարձնելով երկու ժողովուրդների բարեկամությանն ու բարձրաստիճան սերտ քաղաքական երկխոսության մակարդակին։
    20:49
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քարշակման ժամանակ քարշակը կոտրվել է, DAF բեռնատարը, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել է ձորում
    Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160-րդ կմ հատվածում՝ «Գանձասար» ռեստորանային համալիրի մոտ, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարատ Հակոբյանի վարած DAF մակնիշի բեռնատարի առանց կցորդիչի բեռնատար հատվածը կոշտ քարշակման ժամանակ մոտ 200 մետր գլորվել է ձորը, տեղեկացնում է shamshyan.com–ը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ DAF-ը КамАЗ բեռնատար մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Սուրեն Մակարյանը քարշակով տեղափոխելիս է եղել, երբ ոլորանապտույտ հատվածում քարշակը կոտրվել է, ինչից հետո DAF-ը գլորվելով՝ հայտնվել է ձորում: DAF-ի վարորդը եղել է КамАЗ ի վարորդի հետ:
    20:37
    09.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուժգին պայթյուններ Կիևում. Ռուսաստանի ՊՆ-ն սկանդալային փաստաթուղթ է հրապարակում
    Պատերազմի 14-րդ օրը ինտենսիվ ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան, թեև Կիևում պայթյունների ձայներ են լսվել, ռուսական կողմն էլ հայտնել է, որ կեսօրին Լուգանսկում են պայթյուններ եղել: Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկություններով՝ ուկրաինացիները քաղաքացիական օբյեկտները՝ բնակելի տները մարտական հենակետեր են դարձնում: Սա, ըստ պաշտոնական Մոսկվայի, նորից է հաստատում, որ ռուսական զինուժը չի հարվածում Ուկրաինայի խաղաղ բնակավայրերին:
    20:23
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկու գրասենյակից ասել են, թե որ դեպքում կքննարկվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը
    Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նաև ասել էր, որ անվտանգության երաշխիքների դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու հարցը: «Ուկրաինան պատրաստ է քննարկել չեզոքության մասին ՌԴ պահանջը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն, բայց ոչ մի դյույմ տարածք չի հանձնի», - ընդգծել է Ժովկվան: Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստ է իրադրության դիվանագիտական կարգավորմանը, Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների անցկացմանը: «Մենք պատրաստ ենք հարցերի լայն շրջանակ քննարկել ՌԴ-ի հետ», - ընդգծել է Ժովկվան: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Զելենսկին պատրաստ է նախագահ Պուտինի հետ ուղիղ երկխոսության: «Երկու երկրների նախագահների անմիջական շփումն անհրաժեշտ է սարսափելի պատերազմն ավարտելու համար», –ավելացրել է Ժովկվան և ընդգծել, որ այդ բանակցությունների անցկացման համար Կիևի գլխավոր պայմանը հրադադարն է և Ուկրաինայից ՌԴ զորքերի դուրսբերումը:
    20:19
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սարի թաղից փորձել են վճարային տերմինալ գողանալ
    Մարտի 6-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 13.22-ին Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութի մոտից փորձել են գողանալ վճարային տերմինալը, սակայն խանութի աշխատակիցները նկատել են, ինչից հետո նրանք գցել են տերմինալը և «Տոյոտա» մակնիշի մեքենայով դիմել փախուստի: Քաղաքացին հայտնել էր նաև «Տոյոտայի» համարանիշերը: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 13.20-ին անհայտ անձինք փորձել էին բացահայտ հափշտակել Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութներից մեկի մոտ տեղադրված վճարահաշվարկային տերմինալը, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել. խանութի աշխատակիցները մեքենայի սրահից դուրս էին քաշել տերմինալը, ինչից հետո նրանք դիմել էին փախուստի: Պարզվել է նաև, որ «Տոյոտա» մակնիշի մեքենայի համարանիշերը նախորդ օրը գողացվել էր Մալաթիայի վարչական տարածքում, ինչի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել: Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տերմինալի կողոպուտի փորձը կատարողների ինքնությունը: Կասկածյալները, որոնցից մեկը՝ Քասախ գյուղի, երկուսը՝ Երևանի բնակիչ, քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել և բերման են ենթարկվել Էրեբունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ քասախցի 28-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նույն օրը Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում զննությամբ հայտնաբերվել է 3,9 գրամ դեղնականաչավուն զանգված, 7 գրամ բյուրեղանման զանգված, գողացված համարանիշերը և վճարահաշվարկային տերմինալ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վճարային տերմինալը փետրվարի 28-ին Արշակունյաց պողոտայից գողացել էր մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված 28-ամյա երիտասարդը (փետրվարի 28-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում էր հաղորդում ստացվել Արշակունյաց պողոտայից վճարային տերմինալը գողանալու մասին): Կատարվում է նախաքննություն:
    20:16
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլի արդյունքները
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի թեման: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրադրության զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական-դիվանագիտական ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ ռուսական պատվիրակության բանակցությունների երրորդ փուլի արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների իրադրության հումանիտար ասպեկտներին: Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների մասին, որոնք ուղղված են մարտական բախումների շրջաններից խաղաղ բնակիչների տարհանմանը և ազգայնական խմբավորումների գրոհայինների կողմից մարդկանց անվտանգ տարհանումը խոչընդոտելու փորձերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
    20:01
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կանադան ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինային
    Կանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային: «Խոսել եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ես նրան հայտնեցի, որ Կանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Ուկրաինա: Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և հումանիտար օգնության տրամադրումն Ուկրաինային», - գրել է Թրյուդոն Twitter-ում:
    19:49
    09.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Կենսաբանական զենք ստեղծելու սպառնալիք. լաբորատորիաներ Ուկրաինայում և Հայաստանում
    Պաշտոնական Մոսկվան պահանջում է, որ Պենտագոնը բոլոր խաղաքարտերը դնի սեղանին ու պարզ ասի՝ ի՞նչ էր պատրաստվում ստեղծել Ուկրաինայի 30 բիոլաբորատորիներում, որոնց բացման համար ներդրել էր 200 միլիոն դոլար: «Խաղը վերջացել է»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ պնդելով, որ դաշնությունը բոլոր ապացույցներն ունի՝ Արևմուտքը ամբողջ աշխարհի դեմ կենսաբանական գրոհ էր նախաձեռնում:
    19:49
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Անցկացվել են գործնական պարապմունքներ․ լուսանկար
    N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 9-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Պարապմունքների անցկացման նպատակն էր զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։
    19:47
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու խնդրանքով
    Ուկրաինան դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ Այս մասին Tagesschau գերմանական հեռուստածրագրին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Միակ լուրջ բանակցությունները, որոնք կարող են անցկացվել ռուսների հետ, հնարավոր կլինեին նախագահական մակարդակով։ Իմ նախագահը պատրաստ է դրան։ Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ այդպիսի հանդիպում կազմակերպել։ Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ նման հանդիպում կազմակերպելու համար»,-ասել է Ժովկվան։ Բելառուսի տարածքում արդեն կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն։ Այսօր Անթալիայում պետք է տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի, որ Լավրովի և Կուլեբայի զրույցի արդյունքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:
    19:39
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինային ՄԻԳ-29 կործանիչներ տրամադրելու որոշումը ՆԱՏՕ-ի, ամերիկացիների ձեռքում է․ Մորավեցկի
    Ուկրաինային Լեհաստանի կողմից սովետական արտադրության МиГ-29 կործանիչներ տրամադրելու որոշումը պետք է կայացնեն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերի հետ ասուլիսի ժամանակ։ Մորավեցկին հավելել է, որ Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համակարտության կողմեր չեն հանդիսանում, բայց կործանիչներն Ուկրաինային տրամադրելու կարևոր որոշումը պետք է կայացվի ՆԱՏՕ-ի շրջանակներում։ «Այժմ այդ որոշման կայացումը ՆԱՏՕ-ի, ամերիկացիների ձեռքում է»,- մասնավորապես, ասել է Լեհաստանի վարչապետը։ Նրա հավաստմամբ՝ իր երկիրն Ուկրաինային միայն պաշտպանական զինատեսակներ է տրամադրում, МиГ-29 կործանիչներ տրամադրելու «չափազանց լուրջ որոշումը» ինքնուրույն չի կայացնի։ «Այդ քայլը կարող է հանգեցնել «դրամատիկ հետևանքների»,- հստակեցրել է Մորավեցկին։ Նա նշել է նաև, որ Լեհաստանը ձգտում է օգնել Ուկրաինային, «բայց բացառում է այնպիսի քայլերը, որոնք կարող են սրել իրավիճակը»։ Նշենք, որ ավելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ իր երկրի իշխանությունները պատրաստ են անհապաղ և առանց փոխհատուցում պահանջելու՝ Լեհաստանին պատկանող բոլոր 28 МиГ-29 կործանիչներն ուղարկել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա և դրանք թողնել ԱՄՆ-ի հայեցողությանը։ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել էր, որ Վաշինգտոնը տեղին և ընդունելի չի համարում Կիևին ԱՄՆ-ի միջոցով ռազմական ինքնաթիռներ փոխանցելու՝ Վարշավայի առաջարկը։
    19:33
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ազիմուտը» Երևանով ամենօրյա թռիչքներ կիրականացնի դեպի Սոչի և Մինվոդի
    Վաղվանից մինչև շաբաթվա վերջ «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից և Ստամբուլից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիե Վոդի։ «Ավիաընկերությունը 2022 թվականի մարտի 10-13-ը Ստամբուլից և Երևանից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիյե Վոդի»,- ասված է ավիափոխադրողի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ավիաընկերություններին խորհուրդ էր տվել օտարերկրյա հաշվառմամբ օդանավերով մարտի 6-ի կեսգիշերից դադարեցնել դեպի արտասահման, իսկ մարտի 8-ից՝ արտերկրից թռիչքները:
    19:28
    09.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ
    Աբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, հայտնել է Աբխազիայի ԱԳ նախարարությունը։ «2022 թվականի մարտի 9-ին Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ նոտաների փոխանակման միջոցով»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։ Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։
    19:25
    09.03.22
    Ավելին