Լրահոս

2022-08-01
  • Img default alt hy
    Իրավական
    Հուլիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 97 բջջային, 79 կտրող-ծակող առարկա, 193 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք
    Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Նախարարությունից հայտնում են, որ ըստ այդմ՝ քրեակատարողական հիմնարկներում հուլիսի ընթացքում հայտնաբերվել են՝ 97 բջջային հեռախոս, 79 կտրող-ծակող առարկա, ինքնաշեն ոգելից խմիչք՝ 193.4 լիտր, խաղաթղթի՝ 138 և մի շարք այլ դեպքեր: Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Գ.Գ․-ի անվամբ բերված հեռուստացույցը, որի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զննության է ենթարկվել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է երկու փաթեթ՝ 1,25 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման և 7,03 գրամ քաշով շագանակագույն, մածուցիկ զանգվածներով: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքի զննությամբ երկու հացերի արանքում հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված կաթնագույն, բյուրեղանման և փոշենման զանգվածներ։ Զննությամբ պարզվել է նաև, որ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներով հյութերի պիտակների ներսային հատվածներում առկա են եղել դեղնավուն, կպչուն, կասկածելի զանգվածներ։ Նույն՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հերթական շրջայց կատարելիս, տեղամասերից մեկի քողարկող պատի փշալարերի վրա նկատել են կասկածելի պոլիէթիլենային շիշ: Պահպանության ապահովման բաժնի ծառայողները հիմնարկի արտաքին տարածքից բռնել են «Արթիկ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալին, որն իրականացրել էր ներնետումը: Զննությամբ պոլիէթիլենային շշում հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, լիցքավորման սարքեր և ականջակալ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են հագուստում թաքցված լիրիկա և էքստազի տեսակի թմրամիջոցներին նմանվող 7 դեղահաբեր: Վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:
    20:15
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շիզոֆրենիա. ախտանշանները, բուժումը
    Շիզոֆրենիան քրոնիկ հիվանդություն է, որպես կանոն ի հայտ է գալիս 17-ից 30 տարեկան ժամանակահատվածում։ Չկա որևէ հատուկ ախտանշան, որով կարելի է կանխատեսել հիվանդությունը, որպես կանոն առաջին փուլում շիզոֆրենիա չի ախտորոշվում, հիվանդության ընթացքով է ախտորոշումը դրվում։ Առանձնացվում է ախտանշանների երկու մեծ խումբ՝ պոզիտիվ և նեգատիվ։ Պոզիտիվ խանգարումներ. ի հայտ են գալիս նախկինում երբևէ գոյություն չունեցած նշաններ՝ ցնորքներ (իրականում գոյություն չունեցող երևույթի ընկալում զգայարնների կողմից), նաև զառանցանք, մտածողության խանգարում (իրականության սխալ մեկնաբանում)։ Նեգատիվ ախտանշաններն ունեցած ֆունկցիաների լիարժեք կամ մասնակի կորուստն է։ Բնորոշ է էմոցիոների նվազումը, հիվանդը դառնում է անտարբեր, կորցնում է հետաքրքրությունը սիրելի երևույթների հանդեպ, թուլանում են կամային որակները՝ ի վիճակի չէ արդյունավետ գործունեությամբ զբաղվել, խաթարվում է կենտրոնանալու ունակությունը։ Հիմնականում ախտանիշները նկատվում են, երբ հիվանդությունը բավական զարգանում է, ուստի կարևոր է, որ երբ հարազատները նկատում են դեռահասների վարքային, էմոցիոնալ, մտածողական փոփոխություններ, անմիջապես դիմեն մասնագետի, քանի որ վաղ փուլում ախտորոշելու դեպքում հնարավոր է հիվանդին օգնել։ Այսպիսով, եթե դեռահասը հանկարծ սկսում է պարփակվել, հրաժարվում է տնից դուրս գալ, ցանկություն չի հայտնում շփումների, անտարբեր է դառնում անձնական հիգիենայի հանդեպ, դառնում է դյուրագրգիռ, նեղացկոտ, բծախնդիր, ձեռք է բերում տարօրինակ, յուրահատուկ հետաքրքրություններ, կորցնում է ուսման հանդեպ հետաքրքրությունը, պետք է դիմել մասնագետի։ Վերոնշյալ ախտանշանները պարտադիր չէ, որ վկայեն շիզոֆրենիայի մասին, բայց կարող են ահազանգել այլ խանգարումների մասին։ Բուժման հիմքը դեղորայքն է, կա նախատրամադրվածություն, թե դեղորայքը կախվածություն է առաջացնում, նոր պրեպարատների դեպքում այդ նախատրամադրվածությունը տեղին չէ, դեղորայքն, այո, ունենում է կողմանկի հետևանքներ. մեծ դեղաչափի, երկարատև ընդունման դեպքում կարող են նկատվել վերջույթների դող, խոսքի խաթարում։ Եթե հիվանդը գտնվում է բժշկի մշտական, անընդհատ, շարունակական հսկողության ներքո, առավել մեծ է հավանականությունը մինիմալ դեղաչափ ստանալու՝ այդպիսով նաև կանխելու հնարավոր բացասական ազդեցությունը։ Դեղորայքային բուժմանը զուգորդվում է փսիխոթերապիան, որն արդյունավետ չէ հիվանդության սուր փուլում, լավացման, հետսրացման շրջանում փսիխոթերապիան կարող է լինել խիստ արդյունավետ, քանի որ պատրաստում է հիվանդին հետագա կյանքին, սոցիալիզացվելուն, սեփական հիվանդության դեմ պայքարին։ Լիարժեք կյանք վերադառնալու հարցում կարևորվում է նաև արտահիվանդանոցային կենտրոնների դերը։ Եթե հիվանդը լավացման շրջանում շարունակի պարփակված մնալ, դեղորայքն արդյունավետ չի լինի։ Սրացման փուլում հիվանդը չպետք է տանը մնա. վտանգավոր կարող է լինել ինչպես շրջապատողների, այնպես էլ սեփական առողջության համար։ Շիզոֆրենիայի դեպքում երկու հիմնական գործոն կա, որով պայմանավորվում է ինքնասպանության հանդեպ հակվածությունը։ Առաջինը հրամայողական բնույթի լսողական ցնորքներն են. այս դեպքում կարևոր է հիվանդի իրազեկվածությունը, եթե հիվանդը չի հասկանում՝ ինչ է իր հետ կատարվում, հակված է ենթարկվելու այդ հրամաններին, իսկ իրազեկվածության՝ հասկանալու դեպքում, որքան էլ որ քննադատական վերաբերմունքն այդ հրամանների հանդեպ մեծ չէ, այնուամենայնիվ կա հակվածություն այդ ցնորքներին դիմադրելու։ Շիզոֆրենիայի ընթացքում զարգացող դեպրեսիան ևս պատճառ է դառնում ինքնասպանության։ Այն բնորոշ է վաղ փուլերին, երբ դեռ էմոցիոնալ ոլորտը պահպանված է. սուր են վերապրում իրենց հետ կատարվողը։ Տարածված կարծիքը, թե շիզոֆրենիա ունեցող մարդիկ ագրեսիվ են, այնքան էլ ճիշտ չէ։ Առավել բնորոշ է չարտահայտվող, չիրագործվող ագրեսիան՝ բարկություն, դժգոհություն, թշնամական վերաբերմունք, հայհոյանքներ, մինչդեռ իրական ագրեսիայի դեպքերը ավելի քիչ են, քան ընդունված է կարծել։
    20:05
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սննդային թունավորումներն ամռանը. ո՞ր մրգերն են ռիսկային խմբում
    Ամռանը սնունդն ավելի արագ է փչանում՝ դրանով իսկ հող նախապատրաստելով միկրոօրգանիզմների բազմացման համար։ Սննդի մանրէներն ավելի արագ են զարգանում բարձր ջերմաստիճանում՝ մթերքի մեջ մտնելով սանիտարական պահանջների խախտման դեպքում։ Սննդային թունավորումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն բակտերիալ վարակի, այլև մթերքի ներսում քիմիական նյութերի առկայությամբ: Հիմնականում վտանգ են ներկայացնում՝ Նիտրատների և թունաքիմիկատների չափազանց մեծ չափաբաժինը Մրգերը՝ պատված դիֆենիլով Փտած մրգերը՝ սև և փխրուն Պտղի ներսում բակտերիաների առկայությունը, երբ այն վնասված է Ոչ ջերմային մշակումը Վատ հիգիենան. մրգերի կամ ձեռքերի լվացման անտեսում։ Մարդիկ, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, սննդակարգում ներառում են մի շարք մրգեր և բանջարեղեն: Նմանատիպ սննդակարգի օգուտները քաջ հայտնի են, սակայն դրանք կարող են նաև լուրջ թունավորումների պատճառ դառնալ։ Ամռանն հաճախ թունավորումներ են լինում ձմերուկից, սեխից, բանանից, ցիտրուսային մրգերից, վարունգից, կաղամբից և այլ բուսական մթերքներից։ Սպանախը, տերևավոր կանաչ հազարն ու սպիտակ կաղամբը նույնպես կարող են թունավորման պատճառ դառնալ, քանի որ սրանք այն մթերքներն են, որոնք ամենից հաճախ չեն ենթարկվում ջերմային մշակման։ Ձմերուկ և սեխ. Թունավորման պատճառները նիտրատների բարձր պարունակության և մրգի միջուկում բակտերիաների բազմացման մեջ են: Բալը հաճախ մշակվում է թունաքիմիկատներով, որոնց կոնցենտրացիան կարող է զգալիորեն գերազանցել նորմը, և դա իր հերթին կարող է առաջացնել մարմնի համար տհաճ ռեակցիաներ՝ որոշակի տեսակի քիմիական նյութերի նկատմամբ անհատական ​​վերաբերմունքի պատճառով: Ելակը առաջատարն է մարդու օրգանիզմի համար վտանգավոր թունաքիմիկատների պարունակությամբ։ Թունաքիմիկատները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, տարբեր աուտոիմուն հիվանդություններ։ Բայց պետք է հասկանալ, որ արտադրողը չի կարող այլ կերպ պաշտպանել հատապտուղները վնասատուներից, և առավել զգույշ լինել: Չհասունացած մրգեր և բանջարեղեն. Դրանք ուտելը պարունակում է նիտրատներով թունավորվելու վտանգ, որոնք օգտագործվում են մրգերի աճը արագացնելու համար։ Ամենից հաճախ երեխաներն են չհասած մրգեր և հայտնվում ռիսկի գոտում։ Նիտրատները կարող են առաջացնել ալերգիա, վահանաձև գեղձի և աղեստամոքսային տրակտի խանգարումներ։ Եթե ​​բանջարեղեն, հատապտուղներ կամ մրգեր ուտելուց հետո զգում եք թուլություն, սրտխառնոց, տհաճություն, ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, ամենայն հավանականությամբ առկա է սննդային թունավորման վտանգ։ Սննդային թունավորման բարձր ռիսկի խմբեր. Ցանկացած մարդ կարող է ստանալ սննդային թունավորում, սակայն կան առավել խոցելի խմբեր՝ 65 տարեկան և ավելի մեծահասակներ, 5 տարեկանից փոքր երեխաներ, առողջական խնդիրներ ունեցող կամ դեղամիջոցներ ընդունող մարդիկ, քանի որ դեղերը նվազեցնում են օրգանիզմի կարողությունը՝ պայքարելու մանրէների և հիվանդությունների դեմ, ինչպիսիք են՝ շաքարախտը, լյարդի կամ երիկամների հիվանդությունները, ՄԻԱՎ-ը կամ քաղցկեղը, հղիները։ Թունավորման նշանները կարող են ի հայտ գալ մթերքն օգտագործելուց 2 ժամ հետո։ Միջին հաշվով դրանք զարգանում են առաջին 6-ից 8 ժամվա ընթացքում: Այդ նշանները ներառում են՝ սրտխառնոց, փսխում և ջերմաստիճանի բարձրացում, որովայնի ցավեր և փորլուծություն, գլխապտույտ, թուլություն և մաշկի գունատություն, գազեր և փքվածությունը, կարմիր ցան։ Թունավորման դեպքում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ այն կարող է վտանգավոր լինել առողջության համար. Բուժման ընթացքում պետք է պարբերաբար լինել բժ-կի հսկողության ներքո։ Առաջին հերթին պետք է շատ հեղուկներ խմել և առաջացնել փսխում. կարող է օգտագործել պարզապես տաք եռացրած ջուր։ Օրական հեղուկի ընդհանուր քանակը պետք է լինի առնվազն 2-3 լիտր։ Եթե ​​բացակայում է փսխումն ու փորլուծությունը, բժիշկը կնշանակի ընդունել լուծողականներ, որպեսզի տոքսինները չներծծվեն օրգանիզմ։
    19:55
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» թեմայով պարապմունքներ
    N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 1-ին անցկացվել են «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» թեմայով պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ինչպես նաև ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները:
    19:45
    01.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Իրաքը դառնում է Իրան-ԱՄՆ հակամարտության պլացդարմ. Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարան
    Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նորից ցույցեր են։ Շիական ազդեցիկ քաղաքական գործիչ Մուկտադի Աս Սադրիի կողմնակիցներն են փողոց դուրս եկել։ Նրանց հաջողվել է քանդել բետոնե պատնեշը, ներխուժել Իրաքի խորհրդարան: Սա 72 ժամվա ընթացքում 2-րդ գրոհն է եղել երկրի օրենսդիրի շենքի վրա: Ակցիայի մասնակիցները դեմ են երկրի վարչապետի պաշտոնում Մուհամադ Աս Սուդանի առաջադրմանը: Քաղաքական ճգնաժամը սկսվեց անցած տարվա ապրիլին, երբ Թուրքիան որոշեց հակաահաբեկչական գործողություն սկսել Իրաքի քրդերի դեմ:
    19:37
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոն
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում: Սևանա լճի մակարդակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.64մ (31.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 4.588մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 83.813մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.677մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 149.602մլն. մ³: Կից ներկայացվել է նաև ինֆոգրաֆիկան:
    19:35
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ պետք է ԱԽ քարտուղարի հայրենիքից՝ Արցախից, դուրս շպրտի ադրբեջանական զորքերը. Օհանյան
    Ադրբեջանը մշտապես պատրաստվում է ռազմական գործողությունների, ցանկացած փոքր սադրանքից հետո կարող են վերսկսվել ռազմական գործողությունները: Ադրբեջանը ոչնչի առջև չի կանգնելու՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Զաքիր Հասանովը հրամայել է ադրբեջանական բանակին «պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական զսպմանը»: Վերլուծելով թշնամու կողմից հաճախ եկող նմանօրինակ սպառնալից հայտարարությունները՝ Սեյրան Օհանյանը նկատում է՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական յուրաքանչյուր գործողություն, սադրանք կամ հայտարարություն քաղաքական գործընթացների համատեքստում է իրականացվում: Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է 44-օրյա պատերազմի հաղթանակից հետո ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ հատկապես, ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների բացման և Սյունիքի միջանցքի մասով իրենց ծրագրերը իրականացնելու նպատակով. «Իրենց համար, հատկապես, ռազմավարական նպատակ է ճանապարհ ունենալ Թուրքիայից դեպի նախիջևան և Ադրբեջան՝ Մեծ Թուրանի խնդիրն իրականացնելու համար»,-ասաց Օհանյանը: ՊՆ նախկին նախարարի արձանագրմամբ՝ Ադրբեջանը մյուս կողմից փորձում է ազդել նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա. «Վերջին ժամանակահատվածում հաճախ են հայտարարություններ հնչում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, թե Հայաստանի ռևանշիստները թող հույս չունենան, որ ինչ-որ բանի կհասնեն, այս առումով նրանք Հայաստանի իշխանությունների հետ համահունչ են գործում»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նշենք, որ ադրբեջանական կողմի սպառնալից հայտարարությունների ֆոնին հերթական անգամ աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա, մասնավորապես, հայտարարել էր, թե Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, ավելին՝ նշել էր, թե կա գաղափար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ Ս.Օհանյանն ասաց «ԱԽ քարտուղարի ասածներին ուշադրություն չեմ դարձնում, նա փոխանակ ամեն ինչ անի, որ մեր անվտանգության բաղադրիչները բոլոր ուղղություններով զարգանան, անընդհատ պատվողական հայտարարություններ է անում: Ասում է՝ Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, իսկ ո՞վ պետք է ադրբեջանցիներին դուրս շպրտի ՀՀ այն տարածքներից, որտեղ նրանք սադրանքների կամ մարտական գործողությունների պատրվակով ներխուժել են, ո՞վ պետք է ԱԽ քարտուղարի հայրենիքում ՝ Արցախում, Ադրբեջանի սադրանքներից հետո Հադրութից, Մարտունիից և Շուշիից դուրս շպրտի ադրբեջանական զորքերը՝Արցախի պատմական տարածքները պահելու համար, ես լուրջ չեմ ընդունում նրա ասածները»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նշենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքում են գտնվում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում ու հայտարարել են, որ չեն պատրաստվում հեռանալ՝ չնայած Հայաստանի կողմից ներկայացված պահանջին։
    19:31
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ներշնչումային հիվանդություններ. ինչպե՞ս տարբերել իրական հիվանդությունից
    Ներշնչումային հիվանդությունն իրենից ներկայացնում է հոգեծին հիվանդության տարատեսակ: Այն բնորոշվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ, երբ մարդը համոզված է, որ իր մոտ առկա է որևէ հիվանդություն, սակայն, իրականում այդպես չէ և հետազոտությունից հետո որևէ հիվանդություն չի հաստատվում: Ներշնչումային հիվանդություններն ավելի շատ բնորոշ են անհանգիստ, կասկածամիտ, իրենց զգացողությունների հանդեպ ուշադիր, տպավորվող անձանց: Ներշնչումային հիվանդությունների առաջացման առիթը, որպես կանոն, հիվանդության մասին վառ տպավորությունն է (ծանր հիվանդի տեսքը, հանկարծակի, ծանր, մահացու ելքով հիվանդության մասին պատմություն լսելը կամ ընթերցելը, բժշկի խոսքերը սխալ ըմբռնելը, բժշկական թեմայով հանրամատչելի գրականություն կարդալը և այլն), որն ուղեկցվում է տագնապի զգացողությամբ: Ներշնչումային հիվանդություններն առավել հաճախ դրսևորվում են կպչուն վախերի ձևով, որոնք սևեռուն վիճակների տարատեսակ են: Կարճ ժամանակ անց ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որոնք տվյալ անձի կարծիքով նման են այն հիվանդությանը, որն ինքը նկատել է այլ մարդու մոտ կամ լսել դրա մասին: Հետազոտության արդյունքները և բժշկի բացատրությունները նրան չեն համոզում, տագնապային սպասողական վիճակը ու վախը պահպանվում են: Հիվանդը սկսում փոխել բժիշկներին, պահանջում է կրկնակի հետազոտություններ անցկացնել, դիմում է ինքնաբուժման: Աստիճանաբար դրությունը կարող է այնքան է վատանալ, որ իրոք առաջանա ենթադրյալ հիվանդ օրգանի ֆունկցիոնալ խանգարումներ: Ներշնչումային հիվանդությունն անպայման պետք է բուժվի հոգեբույժի կողմից: Այս հիվանդությամբ տառապող անձը պահանջում է շրջապատող մարդկանց հատուկ ուշադրություն ու հոգատարություն: Հարազատները պետք է հիվանդի համար ստեղծեն հանգիստ պայմաններ` չվիրավորելով նրան իր հիվանդության անճշմարտացիության համար: Այս իրավիճակում հիվանդին տարհամոզելու բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն և հիվանդի կողմից կդիտվեն որպես անտարբերության ու սիրո բացակայության դրսևորումներ: Առաջնային փուլում հիվանդությունն ախտորոշելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար, նախ հարկավոր է ուշադիր լսել հիվանդին, այնուհետև նրան ուղղորդել համապատասխան մասնագետի մոտ՝ կանխելու հետագա բարդությունները։
    19:25
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ
    Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը:
    19:25
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շիրակի մարզպետը 3 ԲԿ-ի տնօրեն է նշանակել, որոնցից մեկն իր քեռակինն է, մյուս 2-ն էլ չեն համապատասխանում պաշտոնին
    «Yerkir.am»-ը գրում է․  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անօրինական գործունեությունների շարքը շարունակվում է։ Շիրակի «տիրուհին» հերթական անօրինական նշանակումներն է կատարել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ` ՀՀ Շիրակի մարզպետի 11․03․2022թ․ N105-Ա որոշումով մարզպետը «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել  Արևիկ Ծերունյանին։ Թերևս մինչ  նշանակումը  մամուլում որոշակի անդրադարձ եղավ, որ մարզպետը, ազատելով գործող տնօրենին, ցանկանում է նրա փոխարեն նշանակել  քեռակնոջը: Սակայն դա հետ չպահեց մարզպետին։ Քեռակինը նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար. «Արևիկ  Ծերունյանին (քեռակին) 2022թ մարտի 11-ից նշանակել  «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև այդ պաշտոնում  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  տնօրենի ընտրությանը (նշանակմանը)»։ Եվս մեկ ուշագրավ նշանակում տիկին մարզպետը կատարել է 14․12․2021թ․ N:410 որոշումով՝ «Կարեն Թորոսյանին նշանակելով «Գյումրու Վ․ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013թ․ հունիսի 7-ի N24-Ն և ՀՀ Շիրակի մարզպետի 2013թ հունիսի 18-ի N147-Ն համատեղ հրամանի, որը  սահմանում է  ՀՀ մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս՝ պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) և հավակնորդներին ներկայացվող պահանջները, 1-ին կետի 1-ին երթակետի՝  հիվանդանոցների, պոլիկլինիկաների բժշկական կենտրոնների, ծննդատների, բժշկական այլ  կազմակերպությունների տնօրեններին ներկայացվող պարտադիր պահանջներից է բարձրագույն բժշկական կրթությունը։ Կարեն Թորոսյանը կրթությամբ տնտեսագետ է։  Արդյո՞ք Շիրակի մարզում  չկար գեթ մեկ անձ, որ կբավարարեր վերը նշված հրամանի բոլոր պահանջները։ Վստահաբար 282 հազար բնակչություն ունեցող մարզում կան այս պահանջները բավարարող անձինք, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանցից որևէ մեկը Գյումրու ավագանու ընտրություններում  ՔՊ ցուցակի թեկնածու չի եղել, ինչպես Կարեն Թորոսյանը։ Շիրակի մարզպետի մեկ այլ որոշումով՝ 27 հունիսի 2022թ N342-Ա, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվում Գևորգ Նիկողոսյանը։ Գևորգ Նիկողոսյանը ունի բարձրագույն բժշկական կրթություն, բայց վերը նշված հրամանի 2-րդ կետի 1-ին  ենթակետը սահմանում է, որ գյուղական ամբուլատորիների և գյուղական առողջության կենտրոնների տնօրեններին ներկայացվող պարտադիր պայմաններից է բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն, կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ։ Պարոն Գևորգ Նիկողոսյանը մասնագիտությամբ էնդիկրինոլոգ է։ Բայց այս դեպքում էլ նշենք, որ Նիկողոսյանը մարզպետի մտերիմ շրջանակներից է։ Հարկ է մեջբերել ընտրությունների վերաբերյալ հայտնի անեկդոտը. ընտրությունների ժամանակ թեկնածուն հայտարարում է, թե ընտրություններից հետո մենք լավ ենք ապրելու, ժողովրդի միջից մեկը հարցնում է ․ «Ի՞սկ մենք»։ Այո «ապագա կա» և պարզ է, թե ում համար կա այդ ապագան: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզպետ Բաղդասարյանը որոշում էր սահմանել «աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին բացառել ՀՀ Շիրակի մարզպետարանի շենք աշխատակիցների ու քաղաքացիների մուտքը»: Բացի այդ, անդրադարձել էինք նաև Բաղդասարյանի կողմից դպրոցների ներքին կյանքին խառնվելուն դեպքին: Հիշեցնենք նաև, որ Բաղդասարյանի եղբայրը մայիսի 8-ին Գյումրիում «Դիմադրություն» շարժման դեմ փողոց փակող մի խումբ սադրիչների մեջ էր գտնվում:
    19:19
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանությունը որոնում է 35-ամյա տղամարդուն, ով 25-ամյա աղջկա է առևանգել
    Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 31-ին, ոստիկանության տարածքային բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանություն է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մ․ Հաջաթյանը, ով հայտնել է որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, իրենց գյուղից դեպի մարզ տանող ճանապարհին առևանգել են իր աղջկան՝ 25-ամյա Կ․ Հաջաթյանին։ Ահազանգով մեկնած ոստիկաններին հայրը հայտնել է, որ իր աղջկան առևանգել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Բոզոյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ․ Հաջաթյանին և Ա․ Բոզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։
    19:15
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ-թուրքական գործընթացում Հայաստանի իշխանությունները շարունակում են ձևանալ կույր, խուլ և համր. Ելենա Կիրակոսյան
    Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանի հետ. - Տիկին Կիրակոսյան, Դուք անընդհատ բարձրաձայնում եք բնակչության սոցիալական խնդիրները, մարդկանց ցածր բարեկեցությունն եք մատնանշում, մինչդեռ տնտեսական վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում և իշխանություններն էլ դա անընդհատ հիշատակում են. խոսքը վերաբերում է և՛ տնտեսական աճի ցուցանիշին, և՛ աշխատատեղերի հետ կապված անընդհատ գրանցվող ռեկորդներին: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք: - Սկսեմ նրանից, որ բնակչության բարեկեցության մակարդակը ոչ թե ցածր, այլ՝ անընդհատ նվազող տրենդի մեջ է: Եվ դա, որքան զարմանալի լինի, պայմանավորված է նաև Ձեր կողմից մատնանշված տնտեսական աճով: Ավելի ճիշտ՝ այն մոդելով, որով այսօր Հայաստանի տնտեսությունն աճ է ապահովում: Պարզապես պետք է մի փոքր ուշադիր նայել այդ նույն վիճակագրությանը, և միանգամից պարզ է դառնում, որ աճն ապահովվել է, երևի շատ չսխալվեմ, եթե ասեմ՝ ի հաշիվ բացառապես ծառայությունների և առևտրի ոլորտներում աճի: Իսկ այդ ոլորտի հիմնական շահառուներն այսօր զբոսաշրջիկներն են և ուկրաինական զարգացումների արդյունքում Հայաստան տեղափոխված օտարերկրացիները: Ես չեմ ասում, թե տնտեսությունը դրանից չի շահում, բայց դրանից բխող արդյունավետության բաշխվածությունը հանրության լայն շրջանակներ չի ներառում: Էլ չենք խոսում այդ բաղադրիչից եկող բացասական էֆետների մասին, ինչի արդյունքում նաև մի բան էլ տուժում ենք: Բնակարանների և տների վարձակալության գումարի խայտառակ բարձրացումներն ամենավառ օրինակն են: Ու դա այն դեպքում, երբ մինչ քաղաքացիներն ահազանգում էին, պատկան մարմիններն իրականությունից կտրված հայտարարություններ էին անում, իբրև ոչ մի փոփոխություն չկա: Մեկ այլ օրինակ՝ դրամի գերարժևորումը: Ի՞նչ խնդիրների առաջ դրա արդյունքում կանգնեցին արտահանողները, և դա ի՞նչ խորքային հետևանքներ է դեռ ունենալու տնտեսության համար… այլ դիսկուրս կլիներ, եթե դրանից սպասվող դրական տեղաշարժերը զգայինք, օրինակ, ներմուծվող ապրանքներն էժանանային, մինչդեռ տեսնում ենք, որ դա էլ չկա: Ինչ վերաբերում է իշխանության կողմից անընդհատ հիշատակումներին… անկեղծ ասած չունեմ ցանկություն մանրամասն մեկնաբանելու: Բայց մի հանգամանքի վրա, այնուամենայնիվ, կհրավիրեի ուշադրություն: Նույն այդ վերջին 11,8 % տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին խոսողներն, ինչու՞ օրինակ չեն նշում նույն ժամանակահատվածում արձանագրված 8,1 % սպառողական գների ինդեքսի մասին կամ որոշ ուղղություններից Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների կրճատման վերաբերյալ վիճակագրության մասին: Ինչու՞: - Ներդրումների մասին: Ըստ Ձեզ, ինչու՞ է նման անկում գրանցվել, երբ գոնե այս ուղղությամբ այս կառավարությունը կարծես թե ուշադրություն է դարձնում: - Նշենք, որ բավական մեծ անկման ֆոնին ՌԴ-ից ստացվող ներդրումների աճ, այնուամենայնիվ, ունենք: Խոշոր անկում է գրանցվել Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի կողմից, Գերմանիայից, եվրոպական այլ երկրներից ներդրումների ծավալը: Ներդրումների անկման պատճառները, կարծում եմ, բազմագործոն են, բայց դրանցում չենք կարող շրջանցել այս իշխանության կողմից ներդրումների հետ կապված անհետևողական, չհաշվարկված գործողությունները, որոնք ուղղակի վնաս էին հասցնում մեր երկրի ներդրումային գրավչությանը: Օտարերկրյա կապիտալով աշխատող քանի՞ ներդրումային ծրագրերի հետ կապված սկանդալային գործողություններ իրականացվեցին, որոնց հիմնավոր լինելու հետ կապված մինչ օրս կան բազմաթիվ հարցեր: Հիշենք Ամուլսարի հանքի զարգացումները, Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված հայտարարությունները, Գազպրոմ Արմենիայի, Զանգեզուրի կոմբինատի վերջին անհասկանալի զարգացումները և այլն: Վստահ եմ՝ այս գործողությունները Հայաստանի առանց այն էլ փխրուն ներդրումային գրավչությանը մեծ հարված են հասցրել, նաև ինչի արդյունքների հետ էլ չի բացառվում՝ գործ ունենք: - Իշխանությունները ներդումների ծավալի մեծացում ակնկալում են հատկապես խաղաղության օրակարգի կյանքի կոչման արդյունքում: Սակայն Թուրքիան արդեն բացահայտ խոսում է առնվազն մեկ նախապայմանի մասին: Իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է առանց նախապայմանների երկխոսություն վարել: Ի վերջո, ինչի ՞կարող է հանգեցնել այդ գործընթացը: - Հայաստանի իշխանությունները համառորեն հերքում են Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու փաստը, այնինչ Էրդողանի վերջին հայտարարությունները կապված հայ-թուրքական գործընթացի հետ երկիմաստ չէին: Այս համատեքստում բավականին հետաքրքիր էր նաև Թուրքիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ իրենց մոտեցումներն ընդունելի էին նաև Հայաստանի վարչապետի համար: Հայաստանից որևէ պաշտոնական արձագանք չեղավ այս կապակցությամբ: Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս՝ արդյոք բանակցային գործընթացում Թուրքիայի կողմից դրվող նախապայմանը, որն էրդողանը բավականին հստակ ձևակերպեց (հայ-թուրքական սահմանը չի բացի, քանի դեռ Ադրբեջանի խնդիրները լուծված չեն), ընդունելի է Հայաստանի համար, և ընդհարապես, իրական գործընթացն ի՞նչ տրամաբանությամբ է ընթանում: Չեմ կարող ասել կոնկրետ ինչից դրդված են Հայաստանի իշխանությունները շարունակում ձևանալ կույր, խուլ և համր, սակայն նման պայմաններով բանակցությունների շարունակությունը հանգեցնելու է նրան, որ հերթական անգամ Հայաստանը գնա միակողմանի, մեր պետության համար բավականին ցավոտ զիջումների:
    19:09
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնով սպանել են հորեղբորը
    Ադրբեջանի Մասալլիի շրջանի դատախազությունում տեղեկություն է ստացվել շրջանի բնակիչ Իբդուլա Սաֆարովի (ծնված 1961 թ.) սպանության մասին։ Դատախազությունից ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ հետաքննությունը պարզել է, որ Արիզ Սաֆարովը (ծնված 1999 թ.) և նրա եղբայր Ֆագան Սաֆարովը (ծնված 2004 թ.) դիտավորյալ սպանել են իրենց հորեղբորը՝ Իբդուլա Սաֆարովին՝ վիճաբանության ժամանակ նրան վնասելով փայտով և կացնով։ Հայտնի է, որ նրանց միջև առաջացել է անձնական հարաբերությունների հիման վրա վեճ։ Հարուցվել է քրեական գործ է: Սաֆարովները ձերբակալվել են որպես կասկածյալներ:
    19:00
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ
    Օգոստոսի 1-ին, Երևանում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից․ Քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցությունը: Արձանագրվել է դաշնակցային համագործակցությանը համահունչ՝ ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ անցկացնելու պրակտիկան շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը: Խորհրդակցությունների ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
    18:52
    01.08.22
    Ավելին
  • Սպանդից 5 տարի անց եզդիական Շամիրամ գյուղում արդարություն են պահանջում
    Շամիրամ եզդիական գյուղում տեղի ունեցած սպանդից 5 տարի անց սպանվածների հարազատները բողոքի ակցիա են արել ու պահանջել արդարություն: Հայաստանը ցնցած արյունահեղությունը տեղի էր ունեցել 2017-ի օգոստոսի 1-ին: Թելման Քալաշյանը Արագածոտնի Շամիրամ գյուղի սգո սրահ էր մտել, հայհոյել ներկաներին, ապա հրազենային կրակ բացել հավաքվածների ուղղությամբ:
    18:45
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արաբկիրի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
    Հուլիսի 28-ին, տարբեր ժամերի, ոստիկանություն զանգած քաղաքացիները հայտնել էին իրենց մեքենաների կողային հայելիները գողանալու մասին: Մասնավորապես, գողացել էին մայրաքաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Ռաֆ 4»-ի, Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Լեքսուսի», Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Քեմրիի», Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Սանգյունգ Տիվոկի» կողային հայելիները, իսկ Գյուլբենկյան փողոցում կայանված «Միցուբիշի Պաջերոյի» ապակին կոտրել և գողացել էին արխիվացման 3 արկղ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունները կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը հուլիսի 30-ին ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Գողոնը հայտնաբերվել է:
    18:28
    01.08.22
    Ավելին
  • Իրավական
    Մայրաքաղաքի կենտրոնում կատարված խուլիգանությունը բացահայտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հուլիսի 31-ի ցերեկը 1-02 ծառայություն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցի 12 շենքի մոտ հնչում են կրակոցներ, լսվում է կանանց աղաղակ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Մեկնել են նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ղեկավարներ, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, որ վիճաբանությունը սկսվել է Իսահակյան փողոցի 18 շենքի հետնամասում: Մի կողմից՝ վիճել են նույն փողոցի 44-ամյա և 21-ամյա բնակիչներ, մյուս կողմից` 18-24 տարեկան հինգ տղամարդ, բացի մեկից` բոլորն էլ մայրաքաղաքի փոքր կենտրոնի բնակիչներ: Վեճի ընթացքում 43-ամյա տղամարդը դեռ չպարզված հրազենից կրակել է մյուսների ուղղությամբ, ինչին ի պատասխան կրակել է նաև Աբովյան փողոցի բնակիչ, 22-ամյա երիտասարդը, նույնպես դեռ չպարզված հրազենից: Բացի այդ, երկու հոգի փայտե մահակներով վնասել են վեճի մասնակիցներից մեկի «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, փայտե ու երկաթե մահակներ և այլն: Ժամը 16.50-ին ձերբակալվել և քննչական բաժին է ներկայացվել կրակողներից մեկը` 44-ամյա տղամարդը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվել և ձեռնարկվում են միջոցառումներ` հնարավոր զարգացումները կանխելու, միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու, կիրառված հրազեններն առգրավելու, նաև` վեճի պատճառը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:20
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Cyprus Airways»-ը ծրագրում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
    «Cyprus Airways»-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ իրականացնելու իր ծրագրերի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Routesonline-ը տեղեկացնում է, որ Լառնակայից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան թռիչք կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Airbus A320 օդանավով։ Չնայած ավիաընկերությունը չի հաստատել մեկնարկի ամսաթիվը, սակայն հայտնել է, որ թռիչքները կլինեն սեզոնային: Հունական «Aegean Airlines»-ն էլ առաջարկում է թռիչք Լառնակայի ու Երևանի միջև՝ Հունաստանում մեկ կանգառի հնարավորությամբ:
    18:10
    01.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկելու սպառազինությունների վերահսկողության նոր համակարգը. Բայդեն
    ԱՄՆ-ը պատրաստ Է Ռուսաստանի հետ քննարկելու սպառազինությունների վերահսկողության նոր համակարգը , որը փոխարինելու կգա Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3-ին (ՌՀՍ-3), Մոսկվան պետք Է ցուցաբերի համատեղ աշխատանքի պատրաստակամություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Նյու Յորքում ՄԱԿ-ի Միջուկային զենքի չտարածման պայմանագի մասնակից երկրների խորհրդաժողովի բացվելու առթիվ՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ օգոստոսի 1-ին հրապարակված հայտարարությունում: «Այսօր իմ վարչակազմը պատրաստ Է օպերատիվորեն վարելու բանակցություններ սպառազինությունների վերահսկողության նոր համակարգի շուրջը՝ Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3-ի (ՌՀՍ-3) փոխարեն, որի ժամկետը լրանում Է 2026 թվականին: (…) Ռուսաստանը պետք Է ցույց տա, որ պատրաստ Է վերսկսելու աշխատանքն ԱՄՆ-ի հետ միջուկային սպառազինությունների վերահսկողության շուրջ»,- ասված Է հայտարարության մեջ: ԱՄՆ-ը կարծում Է, որ սպառազինությունների վերահսկողության նոր համակարգի քննարկումը պետք Է տեղի ունենա Չինաստանի մասնակցությամբ: «Չինաստանը նույնպես պատասխանատվություն Է կրում որպես պետություն, որն ունի միջուկային զենք, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում եւ որպես միջուկային հնգյակի անդամ սպառանզինությունների վերահսկողության նոր համակարգի մշակման բանակցություններում, որը փոխարինելու կգա ՌՀՍ-3-ին, ասված Է Բայդենի հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    18:00
    01.08.22
    Ավելին