Լրահոս
Առողջապահական
19:25
01.08.22
138

Ներշնչումային հիվանդություններ. ինչպե՞ս տարբերել իրական հիվանդությունից

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Ներշնչումային հիվանդությունն իրենից ներկայացնում է հոգեծին հիվանդության տարատեսակ: Այն բնորոշվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ, երբ մարդը համոզված է, որ իր մոտ առկա է որևէ հիվանդություն, սակայն, իրականում այդպես չէ և հետազոտությունից հետո որևէ հիվանդություն չի հաստատվում: Ներշնչումային հիվանդություններն ավելի շատ բնորոշ են անհանգիստ, կասկածամիտ, իրենց զգացողությունների հանդեպ ուշադիր, տպավորվող անձանց:

Ներշնչումային հիվանդությունների առաջացման առիթը, որպես կանոն, հիվանդության մասին վառ տպավորությունն է (ծանր հիվանդի տեսքը, հանկարծակի, ծանր, մահացու ելքով հիվանդության մասին պատմություն լսելը կամ ընթերցելը, բժշկի խոսքերը սխալ ըմբռնելը, բժշկական թեմայով հանրամատչելի գրականություն կարդալը և այլն), որն ուղեկցվում է տագնապի զգացողությամբ:

Ներշնչումային հիվանդություններն առավել հաճախ դրսևորվում են կպչուն վախերի ձևով, որոնք սևեռուն վիճակների տարատեսակ են: Կարճ ժամանակ անց ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որոնք տվյալ անձի կարծիքով նման են այն հիվանդությանը, որն ինքը նկատել է այլ մարդու մոտ կամ լսել դրա մասին:

Հետազոտության արդյունքները և բժշկի բացատրությունները նրան չեն համոզում, տագնապային սպասողական վիճակը ու վախը պահպանվում են: Հիվանդը սկսում փոխել բժիշկներին, պահանջում է կրկնակի հետազոտություններ անցկացնել, դիմում է ինքնաբուժման: Աստիճանաբար դրությունը կարող է այնքան է վատանալ, որ իրոք առաջանա ենթադրյալ հիվանդ օրգանի ֆունկցիոնալ խանգարումներ:

Ներշնչումային հիվանդությունն անպայման պետք է բուժվի հոգեբույժի կողմից: Այս հիվանդությամբ տառապող անձը պահանջում է շրջապատող մարդկանց հատուկ ուշադրություն ու հոգատարություն: Հարազատները պետք է հիվանդի համար ստեղծեն հանգիստ պայմաններ` չվիրավորելով նրան իր հիվանդության անճշմարտացիության համար: Այս իրավիճակում հիվանդին տարհամոզելու բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն և հիվանդի կողմից կդիտվեն որպես անտարբերության ու սիրո բացակայության դրսևորումներ:

Առաջնային փուլում հիվանդությունն ախտորոշելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար, նախ հարկավոր է ուշադիր լսել հիվանդին, այնուհետև նրան ուղղորդել համապատասխան մասնագետի մոտ՝ կանխելու հետագա բարդությունները»։